Ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու են լավագույն մասնագետները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ինժեներասակրավորական  աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու համար հրավիրել է լավագույն մասնագետների:Վիրավոր զինծառայողներին պրոթեզավորելու է այն մասնագետն, ով տարիներ առաջ նույն խնդրով օգնել է նաև նախարար Սեյրան Օհանյանին:

Լեռնիկ Բաբայանը կնոջ հետ

Լեռնիկ Բաբայանը կնոջ հետ

Այս մասին Ռազմինֆոյին  պատմեց վիրավորներից մեկը՝ Լեռնիկ Բաբայանը։

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը հազիվ են դիմանում հոսպիտալային պայմաններին: Բողոքում են` Երևանում շոգ է, մեր սար ու ձորն ուրիշ է:

«Վերջին անգամ մի չորս տարի առաջ էի արձակուրդ ունեցել, հիմա ստիպված երկար արձակուրդում եմ: Ասել եմ` շաբաթվա վերջում գնալու եմ: Զորամասի տղաներին էլ ասել եմ, որ փայտից մի հենակ սարքեն, ոտքիս ամրացնենք, մի քիչ դրանով զորամասում տղերքին տեսնեմ, իրավիճակին ծանոթանամ, մինչև արդեն կբերեն պատվիրված պրոթեզը»,- բարձր տրամադրությամբ պատմում է Լեռնիկ Բաբայանը:

«Եթե ընկերս` Անդրանիկը չբռներ, ես երկրորդ ականի վրա կնստեի»,- շարունակում է փոխգնդապետ Բաբայանը:

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը

Լեռնիկ Բաբայանը 6 երեխա ունի:

«Դեռ 6 երեխա ունեմ: Առաջինս տղա է` զորակոչիկ է, մյուսներն աղջիկ են: Եղբորը եղբայր է պետք»,- կնոջ դեպքին նայելով` աում է Բաբայանը:

Փոխգնդապետն ուզում է, որ 18-ամյա տղան Պաշտպանության բանակում ծառայի:
«Ես, որ Սիբիրում եմ ծառայել, ինչ է եղել, տղա է, թող գնա ու ծառայի»,- ասում է փոխգնդապետը:

«Չնայած ասում են` արյունն արյունով չեն լվանում, ջրով են լվանում, ես հակառակն եմ ասում: Եթե մենք արյուն ենք թափել, պիտի արյունով առնենք: Միայն մենք շուտ ապաքինվենք, գնանք հասնենք մեր զինվորներին: Տղաներն ասում են` կարծես թուխսը կորցրած ճուտեր լինենք, շուտ եկեք»,- ժպտալով պատասխանում է Լեռնիկ Բաբայանը:

Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետԱնդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ

Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ

Գնում ենք հաջորդ հիվանդասենյակ, որտեղ պառկած էին պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը:

«Առաջին անգամ չէի մարտական առաջադրանքի, բայց փորձանքն առաջին անգամ էր»,- ասում է Վահագն Սարգսյանը:

«Էլի լավ ենք, կարևորն առողջ ենք: Հիմա զգում եմ, որ օձի ճուտը մեծանում է, էլի օձ է դառնում: Թշնամին այդպես է` մեծ, թե փոքր: Մենք, ինչ անում ենք, անում ենք հրամանով, իսկ իրենք իրենց զորավարժություններն անց են կացնում մեր խաղաղ բնակչության վրա: Բացի այդ, դրանք արագ բազմացող ազգ են, ինչքան աչքդ տեսավ, պիտի խփես»,- պատմում է Անդրանիկ Բաբայանը:

Անդրանիկ Բաբայանը հիշեցնում է` ծիծաղում է նա, ով վերջում է ծառայում:
«Փառք Աստծո, մենք լավ ենք, մեր ընտանիքների գլխին ենք ու դեռ շատ նպատակներ կան, որ պիտի իրագործենք: Բոլորից շնորհակալ եմ, երբ տեսնում ենք, թե ինչքան են ցավում մեզ համար, լավ ենք զգում, բոլորը գալիս են տեսակցում: Իսկ մեր բժիշկներին առանձնահատուկ շնորհակալություն»,- ժպտում է Անդրանիկ Բաբայանը:

«Եթե տղաները չեն ծառայում, ամոթ իրենց: Բայց եթե չուզենալով պիտի գա, ավելի լավ է, չգա»,- շարունակում է Անդրանիկ Բաբայանը:

Կապիտանը վաշտի հրամանատար է, հարցնում ենք, թե ինչ խորհուրդ է տալիս իր զինվորներին, երբ գալիս են զորամաս:

կապիտան Վահագն Սարգսյանը:

Կապիտան Վահագն Սարգսյանը:

«Առաջինն ասում եմ, որ նորմալ, հանգիստ ծառայեն, ողջ առողջ գնան իրենց տները: Երբ զինվորը տեսնում է, որ իր ավագ սպան իրենից առաջ է գնում մարտական առաջադրանքը կատարելու, հաստատ ինքն էլ կգա, իսկ եթե ես իրենց առաջինը տանեմ, ես հետևից գնամ, երբեք զինվորն ինձ հետ չի գա»,- ասում է կապիտանը:

«Այնքան լավ տղերք են այս օրերի համար ընկել, այնքան լավ եղբայրներ ենք կորցրել այս հողի համար, բա՞ ինչ կլնի, որ մենք էլ չպահենք: Հիմա մենք էլ մեր գործն այսպես ենք անում»,- եզրափակում է Անդրանիկ Բաբայանը:

Մյուս հիվանդասենյակում պառկած է քառյակի ամենակրտսեր ներկայացուցիչը` լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը: Պայթյունից հետո նրան պատվիրել են ոչ մի դեպքում առաջ չգալ օգնելու համար, չի լսել:

«Երբ տեսնում ես, որ հրամանատարդ արնաքամ է լինում, օգնության կարիք ունի, ինչպես չմոտենալ, ինչպես չգնալ օգնելու»,- մարտական մկրտության մասին հանգիստ պատմում է լեյտենանտը, ով զորամասում հասցրել էր ծառայել ընդամենը 3 օր:

Օգնության հասնելու պահին, ականի վրա պայթել էր և ինքը: Ցավում է, որ չհասցրեց օգնել:

 լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը

Լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը

Ընտանիքի անդամներին մի քանի օր տեղյակ չի պահել: Չի ցանկացել, որ ծնողներն անհանգստանան:

«Նախքան պայթելը մտածում է օգնության հասնելու մասին, իսկ դրանից հետո մորս մասին էի մտածում, չէի ուզում, որ ինձ այսպես տեսնի»,- շարունակում է Հովհաննես Կոթինյանը:

Որպես սպա ցանկացել է ծառայությունը սկսել սահմանային զորամասում` ամեն րոպե հակառակորդի դեմ-դիմաց կանգնելով: Թիկունքում գտնվողներին պատվիրում է.

«Հանգիստ եղեք, սահմանին բոլորն ամուր են կանգնած, ոչ ոք մի քայլ հետ չի գալու: Բոլորը ձիգ, կայացած տղամարդիկ են»,- հավատացնում է լեյտենանտը:

Դուրս ենք գալիս հոսպիտալից: Եվս մեկ անգամ հպարտանում, որ անկախ ամեն ինչից հակառակորդի դիմաց մենք այսպիսի տղամարդիկ ունենք: Տղամարդիկ, որ ամեն ինչի գնով վաստակում են թիկունքում հանգիստ ապրողներիս խաղաղությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *