Բաքվում մեկնարկել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 11-ի առավոտյան Բաքվի Bakı Expo Mərkəzi կենտրոնում մեկնարկել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն ցուցահանդեսի պաշտոնական կայքի, մասնակցում են 34 երկրների ավելի քան 200 ընկերություններ։

«Գյուրզա-2» ադրբեջանական արտադրության պարեկային մեքենան ADEX-2014-ին

«Գյուրզա-2» ադրբեջանական արտադրության պարեկային մեքենան ADEX-2014-ին

Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի խոսքերով՝  առավել մեծ տաղավարներ են հատկացվել Ադրբեջանի, Թուրքիայի (37 ընկերություն), Լեհաստանի (16 ընկերություն), Իսրայելի (16 ընկերություն), Բելառուսի (10 ընկերություն) պատվիրակություններ։ Մուսաևն  ընդգծել է, որ Ադրբեջանը ներկայացնելու է 168 նմուշներ՝ ավիառումբեր, հրաձգային զենք, զրահատեխնիկայի վրա ամրացվող աշտարակներ և այլն։ Փոխնախարարը չի բացառել, որ ցուցահանդեսին կարող են հետևել մի շարք համաձայնագրերի ու պայմանագրերի կնքումներ։

Տեղեկացնենք, որ համացանցում արդեն տարածվել են ադրբեջանական «Գյուրզա-2» («Gürzə-2») պարեկային մեքենայի լուսանկարները՝ ներկայացված սույն ցուցահանդեսին։ Հատուկ նշանակության ուժերի և այլ ուժային կառույցների համար նախատեսված «Գյուրզա»-ն ստեղծվել է Toyota Hilux 12-րդ մոդելի հիման վրա, վերնամասում ունի 360 աստիճանով պտտվող 12.7 մմ տրամաչափի մեկ, երկու կողմերում՝ 7.6 մմ տրամաչափի 2 գնդացիր, շարժիչը 114 ձիաուժ հզորության է: Կարևոր է նշել, որ սպառազինության տեսանկյունից «Գյուրզա»-ն ոչ մի նորույթ չի ներկայացնում, իսկ Toyota Hilux մակնիշն էլ որպես պարեկային-ռազմական մեքենա դեռևս 60-ականներից լայնորեն կիրառվել էքաղաքացիական պատերազմներում: «Գյուրզա-2»-ը իր նախորդից տարբերվում է շարժիչի պաշտպանվածությամբ և հեռակառավարմամբ տուրելով՝ նախատեսված գնդացիրների համար։

Նշենք, որ ցուցահանդեսում Թուրքիան ու Իսրայելը ներկայացված են պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությամբ, իսկ Բելառուսը, Հարավային Կորեան, Քաթարն ու Մալայզիան՝ փոխնախարարների։

Հավելենք, որ ցուցահանդեսին Իլհամ Ալիևի ուղերձը ներկաների համար ընթերցել է նախագահի՝ պաշտպանական հարցերի գծով օգնական, նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը՝ հերթական անգամ հնչեցնելով ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի թեզերը՝ նաև հույս հայտնելով, որ ցուցահանդեսն ավանդույթ կդառնա։

Նկատենք նաև, որ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ADEX-2014-ին ՌԴ-ի «Վերտալյոտի Ռոսսի» հոլդինգը, որը Մի-35Մ և Մի-17-1Վ ուղղաթիռներ է տրամադրել Ադրբեջանին, ներկայացրել է իր նոր Կա-52 «Ալլիգատոր» (ռուս.՝ Ка-52 “Аллигатор”) հետախուզական-հարվածային ուղղաթիռը։

2 responses to “Բաքվում մեկնարկել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

  1. Pingback: «Ռոսօբորոնէքսպորտն» առաջարկել է Ադրբեջանին արդիականացնել վերջինիս Տ-72 տանկերը | Ռազմ.info

  2. Pingback: Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի և Բահրեյնի պատվիրակություններին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *