Ադրբեջան. Ռազմաշաբաթի ամփոփում. ապրիլի 15-21

Մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության կայքի նոր ծառայությունը, Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի ելույթը, ադրբեջանական «Գյուրզա» պարեկային մեքենան՝ միջազգային ցուցահանդեսում, համաձայնագիր՝ Ադրբեջանի և FRONTEX-ի միջև, Սաֆար Աբիևի այցը՝ Լեհաստան, ՆԱՏՕ-ի հետ՝ զորավարժություններ

1. Ադրբեջանի՝ մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության կայքը համալրվելու է նոր ծառայություններով և տվյալներով: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ զորակոչիկը, պետծառայության պաշտոնական կայքի «Հարց-պատասխան» բաժնում գրանցելով անձնական տվյալները, կարող է էլեկտրոնային նամակի միջոցով իմանալ՝ որ զորամասում է անցնելու զինծառայության: Այնուամենայնիվ, ադրբեջանական մամուլը կայքի հասցեն չի նշում:

2.Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարը ելույթ է ունեցել կառավարության նիստում: Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, պատրաստվում են Բաքվում անցկացնել ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդես: Ըստ Ջամալովի՝ այս տարվա առաջին եռամսյակում իրենց ձեռնարկությունները թողարկել են 37,3 մլն մանաթի արտադրանք, իսկ ՊՆ-ից և այլ ուժային կառույցներից ստացել են ավելի քան 450 մլն մանաթի պատվեր:

3. Ադրբեջանական արտադրության պարեկային մեքենան առաջին անգամ կներկայացվի միջազգային ցուցահանդեսում: Հատուկ նշանակության ուժերի և այլ ուժային կառույցների համար նախատեսված «Գյուրզա»-ն ստեղծվել է Toyota Hilux 12-րդ մոդելի հիման վրա, վերնամասում ունի 360 աստիճանով պտտվող 12,7 մմ տրամաչափի մեկ, երկու կողմերում՝ 7,6 մմ տրամաչափի 2 գնդացիր, շարժիչը 114 ձիաուժ է: Նշենք, որ սպառազինության տեսանկյունից «Գյուրզա»-ն ոչ մի նորույթ չի ներկայացնում, իսկ Toyota Hilux մակնիշն էլ՝ որպես պարեկային-ռազմական մեքենա դեռևս 60-ականներից լայնորեն կիրառվել է քաղաքացիական պատերազմներում:

4. Ապրիլի 17-ին կնքվել է համաձայնագիր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և ԵՄ սահմանների անվտանգության գործակալության միջև: Ըստ համաձայնագրի՝ կողմերը կհամագործակցեն տեղեկության փոխանակման, ռիսկերի վերլուծության, սահմանների կառավարմանն ուղղված հետազոտական-գիտական աշխատանքների և տեխնիկական հնարավորությունների բարելավման բնագավառում: Սա թվով 18-րդ համաձայնագիրն է, որ կնքվում է FRONTEX-ի և ԵՄ անդամ չհանդիսացող երկրի միջև: 16-րդ համաձայնագիրը կնքվել էր Հայաստանի հետ 2012-ի փետրվարին:

5. Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Լեհաստան: Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է իր լեհ պաշտոնակից Թոմաշ Սեմոնյակի հետ: Սաֆար Աբիևը շեշտել է Լեհաստանի՝ ԶՈՒ-ն խորհրդային մոդելից արդի համակարգի վերափոխման փորձը կիրառելու և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու մասին: Սեմոնյակն առաջարկել է քննարկել նաև երկկողմանի համագործակցությունը կիբեր պաշտպանության բնագավառում: Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Լեհաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել կարգավորել այն խաղաղ ճանապարհով:

6. Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին։ Ապրիլի 15-24-ը զորավարժություններ են իրականացվելու՝ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների (ԱԳԳԾ) և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում: Նշենք, որ Ադրբեջանը միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին 1994-ի մայիսի 4-ի համաձայնագրով, իսկ համագործակցությունը մեկնարկել է 1996-ից:

Ադրբեջանը կմասնակցի նաև Ռումինիայում մինչև ապրիլի 25-ն անցկացվող Saber Guardian 2013 զորավարժություններին, որոնց նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ կազմելով, ուղղորդելով և կատարելով համատեղ խաղաղապահ գործողություններ: Մասնակիցների շարքում են ԱՄՆ ” ն, Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Լեհաստանը, Սերբիան, Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը:

One response to “Ադրբեջան. Ռազմաշաբաթի ամփոփում. ապրիլի 15-21

  1. Pingback: Բաքվում մեկնարկել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *