[հավելում] Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներն արդեն Նախիջևանում են

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով այսօր՝ օգոստոսի 18-ին ժամանել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Զաքիր Հասանովն ու Իրակլի Ալասանիան հանդիպել են Նախիջևանում

Զաքիր Հասանովն ու Իրակլի Ալասանիան հանդիպել են Նախիջևանում

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, արդեն կայացել է Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների երկկողմ հանդիպումը։

Ծրագրված է Նախիջևանում անցկացնել տեղի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի և Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, նախարարների երկկողմ ու եռակողմ հանդիպումներ, այցելություններ Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասեր ու Նախիջևանի պատմական հուշարձաններ։

Ըստ աղբյուրի՝ նախարարների այցելությունը տևելու է մինչև սույն թվականի օգոստոսի 19-ը։

Նկատենք, որ ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մանրամասնել էր, որ հանդիպումների ընթացքում քննարկելու են ռազմական դրության ժամանակ հաղորդակցության ենթակառուցվածքների պաշտպանության, նավթագազային խողովակների անվտանգության, երկաթուղային կապի ապահովման հարցերը։ Բացի այդ, համաձայն Ալասանիայի՝ ակնկալվում է ռազմավարական օբյեկտների համատեղ պաշտպանությանն ուղղված փաստաթղթերի ստորագրում։

[հավելում]-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի իր պաշտոնակից Իսմեթ Յըլմազին։ Նրան հանդիսավոր ընդունելություն են ցույց տվել։ Կայացել է Ադրբեջան-Թուրքիա երկկողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Կողմերը խոսել են նաև տարածաշրջանի մակարդակով փոխգործակցության հնարավորությունից։ Հանդիպմանը ներկա է եղել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը։