Պաշտոնական այցով Վրաստանում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն այսօր՝ 2014-ի հոկտեմբերի 23-ին, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ի կայքը։

Ձախից՝ աջ. Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիա, Թւորքիայի ԶՈւ ԳՇ պետ, Նեջդեթ Օզել

Ձախից՝ աջ. Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիա, Թւորքիայի ԶՈւ ԳՇ պետ, Նեջդեթ Օզել

Հանդիպման ընթացքում նախարար Ալասանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին Վրաստանին մշտապես աջակցելու համար, ինչպես նաև ընդգծել բոլոր այն համատեղ միջոցառումների և վարժանքների կարևորությունը, որոնք լինում են երկու երկրների ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ։

Առանց հիշատակման չի մնացել նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափի համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նշվել է այդ երկրների զինված ուժերի համատեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և դաշտային պարապմունքների կարևորության մասին։ Ընդ որում, Ալասանիան հայտնել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են նմանատիպ զորավարժություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկը կլինի Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան իրար կապող ռազմավարական ենթակառուցվածքի պաշտպանության ամրապնդումը ճգնաժամային իրավիճակում։

Նշենք, որ սրանով Ալասանիան, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանն ուղղված ամենամյա զորավարժությունը։ Բացի այդ, 2014-ի հոկտեմբերի 18-ին Նախիջևանում կայացավ այս երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում ընդունված որոշումների շարքում էր նաև համատեղ զորավարժության անցկացումն առաջիկայում։

Հավելենք, որ բանակի գեներալ Նեջթեզ Օզելն առանձնազրույց է ունեցել նաև Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, ինչին հաջորդել է արդեն հանդիպման շարունակությունը պատվիրակությունների ամբողջական կազմով։

One response to “Պաշտոնական այցով Վրաստանում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *