Զաքիր Հասանովն ամփոփել է Նախիջևանում եռակողմ հանդիպման արդյունքները

Օգոստոսի 19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքում՝ առանձին համազորային բանակի շտաբում, կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Թուրքիայի իր պաշտոնակից Իսմեթ Յըլմազի, և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եռակողմ հանդիպումը։

Զաքիր Հասանով, Իսմեթ Յըլմազ և Իրակլի Ալասանիա

Զաքիր Հասանով, Իսմեթ Յըլմազ և Իրակլի Ալասանիա

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման արդյունքների մասին լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել Զաքիր Հասանովը։ Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակություն տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել այսուհետ շարունակել հանդիպումներն այս ձևաչափով՝ դրանք կազմակերպելով Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում։

Բացի այդ, նախարարները որոշել են անցկացնել համատեղ զորավարժություններ՝ ուղղված հիմնականում նավթամուղների ու գազամուղների պաշտպանության ապահովմանը։ Վերոհիշյալ հանդիպման ընթացքում, համաձայն Հասանովի, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ համաժողովներ, սեմինարներ, ռազմական կրթության ոլորտում եռակողմ համագործակցությանը նպաստող միջոցառումներ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարները Նախիջևան էին ժամանել երեկ՝ օգոստոսի 18-ին։ Բացի սույն եռակողմ հանդիպումից, կայացել էին երկկողմ հանդիպումներ։ Այսօր՝ օգոստոսի 19-ին, նախարարների այցն ավարտվում է։

2 responses to “Զաքիր Հասանովն ամփոփել է Նախիջևանում եռակողմ հանդիպման արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

  2. Pingback: Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *