Բաքվում համաձայնեցվել է վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին Բաքվում երկկողմ հանդիպման ընթացքում համաձայնեցրել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության 2015 թվականի պլանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից

Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից

Վրաստանյան պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի ՊՆ եվրաատլանտյան ինտեգրման և միջազգային կապերի դեպարտամենտի երկկողմ համագործակցության վարչության պետ Իոսիֆ Ջիկիան։ Ադրբեջանական կողմի կազմը ղեկավարել է ռազմական գերատեսչության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին։

Նշենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև իրականացվող ռազմական համագործակցության շրջանակներում կողմերն անցկացնում են ամենամյա համատեղ զորավարժություն, որոնց մասնակցում է նաև Թուրքիան։ Դրանց առաջնային նպատակն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության աստիճանի բարձրացումն ու ճգնաժամային իրավիճակներում դրա պաշպանության կազմակերպումը։

Որպես վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության օրինակ նշենք նաև 2014-ի օգոստոսին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների՝ Նախիջևանում կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, որոշվեց նաև առաջիկայում անցկացնել համատեղ զորավարժություն՝ երեք երկրների ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ։ Զորավարժության ժամկետները, սակայն, չեն հստակեցվել։

Հավելենք նաև, որ գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնում նշանակվել է բոլորովին վերջերս՝ 2014-ի հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ, նա Ադրբեջանի ներկայացուցիչն էր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *