Թուրքիայում կարող են դադարեցնել ժամկետային զինծառայության փոխարեն գումարի գանձումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ 2011-ից գործող «գումար՝ զինվորական ծառայության փոխարեն» համակարգը երկրում չեղյալ կհամարվի։ Վերջին շրջանում այս հարցը Թուրքիայում դարձել էր լայն քննարկումների առիթ, և շատերը հակված էին կարծելու, որ ժամկետային զինծառայության փոխարեն գումար վճարելու հնարավորությունը կշարունակի լինել հասանելի, սակայն այս հարցին, թուրքական մամուլի բնորոշմամբ՝ «վերջակետ դրեց» վարչապետ Դավութօղլուն։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, Ահմեթ Դավութօղլուն նշել է, թե արդար չէ երկրի բնակչությանը տարանջատել ըստ եկամտի չափի և դրանով պայմանավորել՝ կմեկնի՞ քաղաքացին զինվորական ծառայության, թե՞ ոչ։

Նշենք, որ սույն հնարավորությունն ընձեռող օրինագիծը Թուրքիայում ընդունվել է 2011-ին։ Այն թույլ է տալիս արտերկրում ուսանող կամ աշխատող քաղաքացիներին ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից՝ վճարելով 30 000 թուրքական լիրա (շուրջ 13 200 ամերիկյան դոլար)։

Հավելենք, որ Թուրքիայիում գործում է զինված ուժերի՝ զորակոչային եղանակով համալրման համակարգը։ Զորակոչման են ենթակա 20 տարին լրացած արական սեռի բոլոր այն քաղաքացիները, ում նկատմամբ չեն գործում օրենքով սահմանված սահմանափակումներ (առողջական խնդիրներ, սոցիալական հատուկ կարգավիճակ և այլն)։ Համաձայն երկրի օրենսդրությանը, պատերազմի ժամանակ զորահավաքի են ենթակա 16-ից 60 տարեկան տղամարդիկ և 20-ից 46 տարեկան կանայք։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերին երկրի խորհրդարանը փոփոխություններ մտցրեց «Զինապարտության» մասին օրենքում, որով նվազեցրեց ժամկետային ծառայության տևողությունը՝ 15 ամսից այն դարձնելով 12։

Հավելենք նաև, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանակում ծառայում է 400 307 ժամկետային զինծառայող։ Բացակայում է, սակայն, ստույգ վիճակագրությունը, թե տարեկան քանի քաղաքացի է օգտվել գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից։

One response to “Թուրքիայում կարող են դադարեցնել ժամկետային զինծառայության փոխարեն գումարի գանձումը

  1. Pingback: Թուրքիայում 2015-ի հունվարից կգործի «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *