Շտորան չի ապահովում ադրբեջանական տանկերի անխոցելիությունը

2013-ի հունիսի կեսին համացանցում հայտնվեցին Ադրբեջանի նավահանգիստներից մեկում ռուսաստանյան նոր ռազմական տեխնիկայի, այդ թվում նաև Տ-90Ս տանկերի բեռնաթափման լուսանկարներ։ Հունիսի 26-ին տանկերը ցուցադրվեցին Բաքվի զորահանդեսի ժամանակ։

Հունիսի 18-ին ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթը հրապարակեց հոդված, որում հայտնվում էր, որ 2011-2012-ին կնքված պայմանագրերով Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանին տրամադրել Տ-90Ս տանկերի 3 գումարտակ (94 միավոր)։ Հոդվածը հղում էր անում «ռուսաստանյան ռազմական արդյունաբերության երկու աղբյուրների»։ Ընդ որում, բացի 94 տանկերի գնումից, Ադրբեջանը նաև օպցիոնի պայմանագիր էր կնքել Ռուսաստանի հետ հետագայում ևս 94 միավոր Տ-90Ս տանկեր ձեռք բերելու համար։ Չնայած դրան, հավանական է, որ Ադրբեջանը կբավարարվի առաջին 94 միավոր տանկերով։

2013-ի ավարտին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի ուսումնասիրման կենտրոնը» («Центр анализа мировой торговли оружием») ներկայացրեց զեկույց, որում հայտնում էր նաև վերոնշյալ պայմանագրի արժեքը։ Ըստ կենտրոնի՝ Ադրբեջանի 94 միավոր Տ-90Ս տանկերի տանկերի պայմանագրի արժեքը 320 մլն ԱՄՆ դոլար է։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր Տ-90Ս տանկի ձեռքբերումը Ադրբեջանի համար կարժենա 3,4 մլն ԱՄՆ դոլար։

Ներկա հոդվածում, սակայն, չի դիտարկվի Տ-90Ս տանկերի ձեռքբերման արդյունավետությունը այն ժամանակ, երբ արտադրող երկիրն ինքը հրաժարվել է Տ-90 տանկերից ու նախընտրում է ձեռք բերել արդիականացված Տ-72 տանկեր։ Այս մասին առանձին գրել է Ռազմինֆոն։ Տ-72-ների հետ համեմատած՝ Տ-90Ս տանկերի տարբերություններից մեկը նրա վրա ՏՇՈւ-1-7Մ (ТШУ-1-7М) օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանի առկայությունն է, որը այլ սարքավորումների հետ միասին մտնում է Շտորա օպտիկաէլեկտրոնային հակազդման համալիրի մեջ։ Այս համալիրն էլ կդիտարկենք հոդվածում։

Արտադրողի կայքի տվյալներով՝ ՏՇՈւ-1-7Մ կայանը նախատեսված է ինֆրակարմիր տիրույթում կիսաավտոմատ նշանառվող Ֆագոտ, Կոնկուրս, ՏՕՈւ, ՀՕՏ, Միլան, Դրակոն, Կոբրա, ԱՏ-3 և նմանատիպ այլ հակատանկային հրթիռային համալիրներից զրահատեխնիկայի անհատական պաշտպանության համար։ ՏՇՈւ-1-7Մ համալիրի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. համալիրը հակառակորդի հրթիռների նշանառման սեկտորը լցնում է ինֆրակարմիր տիրույթի խանգարումներով (աղմուկ), ինչը փոքրացնում է հրթիռների կողմից պաշտպանվող օբյեկտների՝ զրահատեխնիկայի խոցման հնարավորությունը։

Ժամանակակից հակատանկային միջոցների մեծ մասն այս կամ այն չափով օգտագործում է ինֆրակարմիր տիրույթի լազերային ճառագայթիչներ (լազերային հեռաչափ, նշանառման լազերային համակարգ, ինքնանշանառման լազերային գլխիկ)։ Եթե զրահատեխնիկայի վրա տեղադրված են լազերային ճառագայթման ինդիակտորներ (այդպիսիք մտնում են Շտորա համալիրի մեջ), այդ դեպքում մարտական մեքենայի անձնակազմը կստանա ազդանշան ու նռնակ (ծխագլանակ) կկրակի (կամ նռնակը կկրակվի ավտոմատ), որը կստեղծի ծխի (աերոզոլի) ամպ, որը կդժվարացնի հակատանկային միջոցի նշանառումը։ Միևնույն ժամանակ օպտիկաէլեկտրոնային հակազդման համալիրը, մասնավորապես նաև ՏՇՈւ-1-7Մ-ն, կստեղծի ինֆրակարմիր աղմուկ, ինչը կկրճատի հրթիռի՝ թիրախը նշանառելու ու խոցելու հնարավորությունը։

Այս ամենը տեսական մասն է, ինչն ակտիվորեն գովազդում են ռուսաստանյան լրատվամիջոցներն ու ռազմարդյունաբերական համալիրը։ Եթե հիմնվենք այս տեսության  վրա, ապա ադրբեջանական Տ-90Ս տանկերն անխոցելի են հայկական հակատանկային միջոցների համար, ու Ադրբեջանն ունի արդյունավետ միջոց, որը կարող է օգտոգրծել հավանական պատերազմում՝ որպես կայծակնային պատերազմի բաղադրիչ։

Ադրբեջանն էլ իր հերթին օգտագործում է Տ-90Ս տանկերի գնումը քարոզչական նպատակներով, ու Շտորա համալիրն այդ քարոզչության մեջ ունի իր հատուկ դերը, քանի որ առանց այդ համալիրի Տ-90Ս տանկերը քիչ բանով են տարբերվում արդիականացվող Տ-72-ներից։ Բայց որքանո՞վ է արդյունավետ Շտորա համալիրն ու մասնավորապես դրա մասնիկներից ՏՇՈւ-1-7Մ-ը։ Որքանո՞վ է տեսականը համապատասխանում գործնականին։

Իսկ իրականությունն այն է, որ չնայած Շտորա համալիրի 20 տարի արվող գովազդին, Ռուսաստանը, որքանով մեզ հայտնի է, միայն Ադրբեջանին է կարողացել վաճառել դրանք։ Այս ընթացքում, բացի մեր հակառակորդից, Տ-90 տանկեր գնել են նաև Հնդկաստանը, Ալժիրը, Թուրքմենստանը, Ուգանդան։ Սակայն այս երկրները որոշել են տանկերի լրակազմի մեջ չվերցնել առնվազն օպտիկաէլեկտրոնային հակազդման համալիրները։

Ամենաուշագրավը Հնդկաստանի հրաժարվելն է Շտորա համալիրները ձեռք բերելուց։ Հնդկաստանն այն երկիրն է, որ առնվազն երեք անգամ պատերազմել է Պակիստանի դեմ ու ներկա պահին էլ սառը պատերազմի մեջ է, որը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի։ Բացի Պակիստանից, Հնդկաստանն ունի մեկ այլ, ավելի լուրջ հակառակորդ՝ Չինաստանը, որի հետ Հնդկաստանն ունի տարածքային հակամարտություն։ Այս պայմաններում Հնդկաստանը հրաժարվում է օպտիկաէլեկտրոնային հակազդման համալիրի ձեռքբերումից ու նախընտրում է տանկերի աշտարակներն ամբողջովին փակել դինամիկ զրահի արկղիկներով։ Անհրաժեշտ է ըմբռնել, որ Հնդկաստանն այն երկիրն է, որ սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման գործում առաջնորդվում է միայն նպատակահարմարությամբ ու գործարքի արդյունավետությամբ։ Հնդկաստանի օրինակին են հետևել նաև Ալժիրը, Թուրքմենստանը ու Ուգանդան։

Քիչ նշանակալից չէ նաև հենց Ռուսաստանի պաշտպանության նախարարության փաստացի հրաժարվելը Շտորայից։ Նախկինում ՌԴ ՊՆ-ն ձեռք է բերել այս համալիրները, ին չպես մենք կարծում ենք, ռուսական ռազմարդյունաբերությանը ձեռք մեկնելու ու այն գովազդելու նպատակով։ Վերջին տարիներին ՌԴ ՊՆ-ն հրաժարվել է Շտորայից ոչ միայն Տ-90-ներից հրաժարվելու պատճառով, այլև Շտորաներ տեղադրված չեն նաև ռուսական զորքերին վերջերս ակտիվորեն տրամադրվող արդիականացված Տ-72 տանկերի վրա։ Ավելին՝ ՏՇՈւ-1-7Մ օպտիկաէլեկտրոնային հակազդման կայաններ չեն տեղարվում նաև Տ-90 տանկերի համեմատաբար նոր արդիականացումների՝ Տ-90ԱՄ/ՍՄ տանկերի վրա (թեև հնարավոր է, որ դրանց վրա տեղադրվում են օպտիկաէլեկտրոնային հակազդման այլ կայաններ)։

Շտորաներ ձեռք բերելու ցանկության բացակայությունը հավանական է, որ պայմանավորված է հետևյալ պատճառներով.

  1. Այս համալիրների աշխատունակությունը փորձարկվել է միայն զորավարժարանային (ասել է թե՝ լաբորատոր) պայմաններում։ Չկա տեղեկություն, որը կհաստատեր մասնավորապես օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանների մարտական պայմաններում փորձարկումները։
  2. Շտորաների հայտարարված արդյունավետությունը մեծ հարցականի տակ է, քանի որ անհայտ է՝ արտադրողի հայտարարած տեխնիկական տվյալները այլոք ստուգել են, թե ոչ։ Չկան նաև հետևյալ հարցերի պատասխանները. արդյոք անցկացվե՞լ են Շտորաների համալիր փորձարկումներ, զորավարժարաններում ի՞նչ հակատանկային միջոցներով են կրակել համալիրների վրա, ի՞նչ արդյունքներ են եղել և այլն։ Այս հարցերի պատասխանները չկան։ Կա միայն գովազդ։
  3. Անգամ արտադրողի տրամադրած տեխնիկական տվյալները ցույց են տալիս, որ Շտորան ոչ մի կերպ չի երաշխավորում տանկի անխոցելիությունը։ Կարելի է խոսել միայն խոցման հավանականության տոկոսների մասին, որոնք տատանվում են հակատանկային միջոցների տեսակից կախված։
  4. Օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանի վերաբերյալ անհրաժեշտ է ընդգծել նաև, որ նրա՝ աշտարակի ճակատային մասում տեղադրված ինֆրակարմիր ճառագայթիչները նեղ ուղղվածություն ունեն, ինչը սահմանափակում է ինֆրակարմիր աղմուկի ստեղծման հնարավորությունը միայն այն ուղղությամբ, որ կողմ ուղղված է տանկի թնդանոթը։
  5. Մարտական պայմաններում արտաքին ազդակներից խիստ խոցելի են Շտորայի՝ տանկի արտաքին մասում տեղադրված բոլոր ու հատկապես օպտիկաէլեկտրոնային տարրերը։ Թանկարժեք համալիրը կարող է շարքից դուրս գալ պատահական մոտ պայթյունից ու պատահական գնդակից, էլ չասած նշանառված կրակը։
  6. Համալիրների ու մասնավորապես օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանների տեղադրումը հանգեցնում է նրան, որ դինամիկ զրահի բացակայության պատճառով բաց են մնում տանկի աշտարակի մեծ հատվածներ, որոնք հնարավոր կրակի սպառնալիքի տակ են։

Ասվածից բացի, ակներև է, որ Շտորան առավել ևս չի կարող արդյունավետ լինել ռուսաստանյան նորագույն հակատանկային հրթիռային համալիրների դեմ։ Չէ՞ որ եթե անգամ ենթադրենք, որ օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանի հայտարարված տեխնիկական տվյալները իրական են ու Շտորան բավական արդյունավետ է հակատանկային հրթիռային համալիրների 2-րդ սերնդի առաջին մոդելների դեմ, ապա դժվար է պատկերացնել, որ ռուսաստանյան հակատանկային միջոցներում նախատեսված չլինեն օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանների հաղթահարման հնարավորությունները։ Միաժամանակ, ինչպես արդեն նշվեց, հայտարարված հակատանկային միջոցների դեմ Շտորայի արդյունավետությունը նույնպես մեծ հարցականի տակ է։

Վերադառնալով հայկական հակատանկային միջոցների համար ադրբեջանական Տ-90Ս տանկերի անխոցելիության հարցին՝ անհրաժեշտ է նշել, որ հայկական բանակի սպառազինությունում առկա հակատանկային միջոցներից առնվազն մեկի համար Շտորան արգելք չէ։ Այդ հակատանկային միջոցը Շտուրմ-Ս ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրն է, որն ունի նաև միլիմետրային ռադիոտիրույթում հեռակառավարող համակարգ։ Բացի այդ, համալիրի համար լուծված է բնական ու կազմակերպված ռադիո ու ինֆրակարմիր աղմուկից պաշտպանության հարցը։ Նշենք, որ միայն մեկ Շտուրմ-Ս մեքենայի պտտվող թմբուկի վրա տեղադրվում է 12 արձակման հանգույց իրենց հրթիռներով։ Իսկ այդ համալիրրներից հայկական բանակի սպառազինության մեջ առկա է  բավարար չափով։

 

Հայկական բանակի Շտուրմ-Ս ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրը Ստեփանակերտի զորահանդեսի ժամանակ։ Նկարը՝ talks.milkavkaz.net կայքի

Այսպիսով, ինչպես ցույց տրվեց, Շտորայի ռուսաստանյան գովազդի վրա հիմնված ադրբեջանական քարոզչության հիմքն անկայուն է։ Օպտիկաէլեկտրոնային հակազմդման համակարգերն ունեն գոյության իրավունք, իսկ Ադրբեջանն ունի սեփական հայեցողությամբ իր նավթադոլարները ծախսելու իրավունք, սակայն համալիրը Ադրբեջանի բոլոր խնդիրների լուծման դարման չէ ու չի կարող լինել։ Իրական մարտական պայմաններում Շտորայի օգուտը շատ քիչ է լինելու։

Ադրբեջանի՝ սպառազինության գնումներն ու տեղական արտադրությունը 2013-ին

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցում ուշագրավ տվյալներ կան Ադրբեջանի վերաբերյալ։

Այսպես, Ադրբեջանը Ռուսաստանից 2011-ին գնել է  91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա՝ ընդհանուր 220 մլն դոլար արժողությամբ։

2011-ին էլ կրկին ՌԴ-ից՝ 94 միավոր Տ-90Ս տանկ՝ ընդհանուր 320 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանագիր է կնքել նաև «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, 2Ս31 «Վենա» ինքնագնաց ականանետներ, համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ կայաններ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, ՏՈՌ-2ՄԷ զենիթահրթիռային համալիրներ  և «Սկորպիոն» ու «Սկորպիոն-Բ» տիպի զրահամեքենաներ գնելու շրջանակներում։ Դրանց մի մասը դեռևս չի տրամադրվել Ադրբեջանին։

2011-ին Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել է 36 միավոր Տ-155 «Ֆըրթընա»՝ ընդհանուր 200 մլն դոլար արժողությամբ, որոնց մատակարարումը նախատեսված է 2014-2015 թվականներին: Սակայն սա խնդրահարույց գործարք է, քանի որ Գերմանիան հրաժարվել է տրամադրել շարժիչները՝ Արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին սպառազինությամբ աջակցելն արգելող որոշմանը հետևելով։

Զեկույցում հիշատակվում են Ուկրաինայից գնված 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ վերանորոգող-տարհանող մեքենաները, Բելառուսում արդիականացված 27 միավոր Ս-125 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մատակարարած հանգույցներով Ադրբեջանում հավաքված 30-ական միավոր «Marauder» և «Matador» զրահամեքենաները։

Ադրբեջանը սպառազինության տեղական արտադրության մասին լուրերը մշտապես ներկայացնում է ուռճացված՝ կիրառելով քարոզչական նպատակներով։ Այս տարում ևս գրանցվեցին նմանատիպ դեպքեր։ Հաշվի առնելով, որ հաճախ լուսանկարները բացակայում են կամ անորակ են, աղբյուրը հիմնականում իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալությունն է՝ ներկա դրությամբ անհնար ենք համարում հավաստի տեղեկություններ տրամադրելը, ուստի կանդրադառնանք միայն իրականությանը մոտ հրապարակումներին։

Ռազմարդյունաբերության նախարար Յավել Ջամալովը հայտարարել էր 2013-ին 10 միավոր «Օրբիտեր-2Մ»  անօդաչու թռչող սարքեր արտադրելու մասին։ Իրականում դրանք Իսրայելի հետ համատեղ արտադրություն են, բացի այդ էլ իր իսկ նախանշած գրաֆիկից Ադրբեջանը հետ է մնացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *