Օհանյանն այցելել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

Հունվարի 28-ին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է հանդիպումները բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը այցելել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Օհանյանն իր խոսքում կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում։

Պաշտպանության նախարարն ուսանողներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:

Պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին Օհանյանը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով, մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի։

Սեյրան Օհանյանն էլ իր հերթին պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *