Պենտագոնը թույլ է տալիս զինծառայողներին մորուս պահել և գլխակապ կրել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուղղումներ է կատարել զինված ուժերի ներքին կանոնակարգում, մասնավորապես կրոնական սովորույթներին վերաբերող կետերում։ Այսուհետ զինծառայողներն իրավունք ունեն կրել ԱՄՆ բանակային հանդերձավորմանը ոչ հատուկ տյուրբաններ ու գլխակապեր, ինչպես նաև մորուս պահել։

Սիկհ զինծառայող Լամբան՝ ԱՄՆ զինված ուժերում. լուսանկարը՝ dailymail.co.uk

Սիկհ զինծառայող Լամբան՝ ԱՄՆ զինված ուժերում. լուսանկարը՝ dailymail.co.uk

Համաձայն Պենտագոնի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությանը՝ զինծառայողները մորուս պահելու ու գլխակապեր կրելու համար այնուհանդերձ պետք է ստանան իրենցից կոչումով բարձր զինվորականների թույլտվությունը։

Այնուամենայնիվ, այս փոփոխությունը նշանակալից է նրանով, որ Պենտագոնն առաջին անգամ է զիջումների գնում՝ դավանաբանական նրբություններից ելնելով։

Նշենք, որ մինչ այժմ ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը վատ էր վերաբերում պաշտոնապես հաստատված հանդերձավորման մեջ չընդգկված գլխարկներ ու գլխազարդեր կրելուն, նաև մորուս պահելուն: «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ներկա դրությամբ ԱՄՆ ԶՈւ-ն ունի 3 հնդիկ սիկհ զինծառայող, որոնց հաջողվել է հասնել նրան, որ թույլ են տվել չսափրել մորուսն ու բեղերը, կրել տյուրբան, չկտրել մազերը։ Նրանցից մեկի՝ կապրալ Լամբայի խոսքերով՝ իրենից պահանջվել է շուրջ 9 ամիս նման արտոնություններ ստանալու համար, և ծառայության մոտ 3 տարիների ընթացքում նա որևէ խոչընդոտի և անհարիր վերաբերմունքի չի հանդիպել՝ կապված իր կրոնական սովորույթների հետ։

Հավելենք, որ ԱՄՆ-ում սիկհերի իրավունքների հարցերով զբաղվող Sikh Coalition իրավապաշտպան կազմակերպությունն արդեն իսկ արձագանքել է օրենքում նոր փոփոխությանը՝ թերահավատորեն վերաբերելով դրան և հավաստիացնելով՝ դժվար թե ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունն առանց խոչընդոտներ ստեղծելու թույլ տա սիկհերին հագնվել սեփական կրոնական օրենքների համաձայն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *