Ադրբեջանի Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զաքիր Օրուջը հունվարի 23-ին հաստատել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության են եկել ադրբեջանցի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս չբերելու հարցում։
Օրուջի խոսքերով՝ ադրբեջանցի 94 խաղաղապահներ շարունակելու են ծառայությունը Թուրքիայի գումարտակի կազմում։ Նրանց հիմնական գործառույթն է լինելու հեռուստաաշտարակի և խմելու ջրի ջրամբարի հսկումը։
Հավելենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանի թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը։
ՆԱՏՕ-ն ծրագրում է խաղաղապահ առաքելության ջոկատներին դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։