«Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում

Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  նշել է, որ կազմակերպության անդամ-երկրների անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձրացել է: Ամերիկացի զինծառայողն Աֆղանստանում սպանել է 16 խաղաղ բնակչի. թալիբները խոոստացել են արժանի հակահարված տալ: Իսկ ԱՄՆ-ում քննարկում են Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը:

  • Նիկոլայ Բորդյուժան փաստել է, որ կազմակերպության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակասությանը և ՀԱՊԿ-ի կողմից Իրանի խնդրին միջամտելուն`Բորդյուժան ասել է. «Զենքի կուտակումը ղարաբաղյան հակամարտության գոտում չի նպաստում նրա հանգուցալուծմանը: …Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»: Թեման` news.am, panarmenian.net(1,2) կայքերում
  • Արդեն իսկ մեկնարկել է «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն և կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը, որը նախատեսում է դասախոսություններ մի շարք զորամասերում: Առաջին դասն անցկացվել է Նուբարաշենի զորամասում` Մանկավարժական համալսարանի ասպիրանտների, մագիստրոսների և  դասախոսների մասնակացությամբ:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է ընդլայնել ՆԱՏՕ-ի կազմն՝ ի հաշիվ Վրաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Չերնոգորիայի: Փաստաթղթի ընդունման դեպքում նշված երկրները առաջին անգամ կներկայացվեն որպես ՆԱՏՕ-ի «ասպիրանտ» երկրներ, որոնք ձգտում են անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
  • Հետաքրքրական է, որ դրան զուգահեռ` թբիլիսյան «Կվիրիս պալիտրա» թերթը գրում է պաշտպանության նախարարության որոշման մասին, որով նախատեսվում է տուգանել 28.000 լարիի չափով (մոտ 17.000 դոլար) այն զինծառայողներին, ովքեր կհրաժարվեն մեկնել Աֆղանստան: Իսկ վրացիների` Աֆղանստան չմեկնելու ցանկությունը պայմանավորված է խաղաղապահ գործունեության ընթացքում 15 վրացու մահով, որոնց ընտանիքներին որպես փոխհատուցում տրվել է 6,000 դոլար:
  • Հայաստանի մյուս հարևան` Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին ասել է, որ զինված ուժերի համար հատկացված հսկայական ֆինանսական միջոցների ծախսման կանոնները մութ են հասարակության համար, մրցույթներն անցկացվում են փակ պայմաններում, կաշառակերության և կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան և դա խոչընդոտում է ԶՈՒ-ի զարգացմանը:
  • Իսկ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղակայված զորամասում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում, ավելի քան 450 քմ տարածք է այրվել:
  • Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` Աֆղանստանում ամերիկացի զինծառայողը մինչև 16 խաղաղ բնակիչ է սպանել: Միջադեպը դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ցավակցություն հայտնել: Սակայն ԱՄՆ նախագահի ներողությունը չի մեղմել տեղացիների զայրույթը: Աֆղանստանի խորհրդարանը մեկօրյա գործադուլ է հայտարարել և պահանջում է նախագահ Համիդ Քարզայի հրաժարականը: Իսկ թալիբների «Ջիհադի ձայնը» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Աֆղանստանի իսլամական էմիրաթը, ցավակցություն հայտնելով այդ վայրենի գործողության զոհերին, երաշխավորում է նրանց հարազատներին, որ վրեժ կլուծի նվաճողներից և բարբարոս մարդասպաններից»: Թեման առավել ամբողջական` այստեղ:
  • Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Խադադին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնություն են տվել երկրում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ու Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ)` 5 կետից բաղկացած առաջարկին: Այն է` բռնության դադարեցում, դիտորդական մեխանիզմի ստեղծում, տուժած սիրիացիներին մարդասիրական օգնության անխափան մատակարարում, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելության սատարում և Սիրիայի գործերին օտար պետության միջամտության անթույլատրելիություն:
  • Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Ուիլյամ Հեյգին մեղադրում են ամերիկացի զինծառայողներին օգնելու մեջ, որոնց գործողությունների հետևանքով Պակիստանի խաղաղ բնակիչներ էին զոհվել:
  • Իսկ Gallup ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքներով` ամերիկացիների միայն 54 տոկոսն է ԱՄՆ-ն համարում ռազմական առումով ամենաուժեղ երկիրը, իսկ 45 տոկոսն այն համարում է առաջատար երկրներից մեկը:

 

Razm.info-ն այսօր անդրադարձել էր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *