Ամերիկացի զինվորն Աֆղանստանում խաղաղ բնակիչների է սպանել

Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին կրակ է բացել խաղաղ քաղաքացիենրի վրա: «Ռոյթերսը», վկայակոչելով Կանդագարի նահանգապետին, հայտնում է, որ ամերիկացին սպանել է 16 մարդու: BBC News-ի տվյալներով` զոհերը եղել են երեքը, իսկ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջաստին Բրոկհոֆը հայտնել է միայն վիրավորների մասին:

Միաժամանակ, Աֆղանստանում Անվտանգության միջազգային համագործակցության (ISAF) կայքը հայտնում է տուժածների մասին` չհստակեցնելով` զոհեր են եղել, թե վիրավորներ:

Միջադեպը տեղի է ունեցել ռազմակայանից հեռու, իսկ դրդապատճառները հայտնի չեն: BBC News-ի հայտնելով` զինվորականը կարող էր կրակ բացել նյարդային անհավասարակշռության պատճառով. կայան վերադառնալուն պես նա ձերբակալվել է: ISAF-ի մամլո ծառայությունը ցավակցություն է հայտնել պատահարից տուժածների հարազատներին` նշելով, որ կվարվի  հետաքննություն, որում կընդգրկվեն  ամերիկյան և աֆղանական կողմերը:

Արևմտյան լրատվամիջոցները հակված են կարծել, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկացիներն իրենք են թիրախ դարձել տեղացիների համար, քանի որ այրել էին Ղուրանը: Միջադեպից հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ներողություն էին խնդրել պատահարի համար, սակայն դա բողոքի ալիքը չէր մեղմել և երկու ամերիկացու մահվան պատճեռ էր դարձել:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ում ավարտվեց ևս մեկ զինվորականի դատավարություն, ով կրակ էր բացել խաղաղ բնակչության վրա և սպանել 24 իրաքցու: Սպանությունների համար նա դատապարվեց ընդամենը 3 ամիս ազատազրկման, հեռացվեց ծառայությունից, սակայն շարունակում է օգտվել զինվորականների համար նախատեսված բոլոր օգնություններից:

Այսօր ամերիկացիները շարունակում են խոսել անգամ 2014թ. հետո Աֆղանստանում մնալու մասին, ինչը բացասաբար է ընդունվում տեղացիների կողմից։ Աֆղանացիները փորձում են ստիպել ամերիկացիներին գոնե դադարեցնել խաղաղ բնակիչների տների խուզարկումները, որոնց հետևանքով անմեղ մարդիկ են ձերբակալվում ու սպանվում:

2 responses to “Ամերիկացի զինվորն Աֆղանստանում խաղաղ բնակիչների է սպանել

  1. Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info

  2. Pingback: Աֆղանցիներին սպանած ամերիկացի զինվորը կարող է ցմահ դատապարտվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *