ԱՄՆ-ն Թուրքիային ծանուցել է F-35-երի ծրագրից պաշտոնապես հեռացված լինելու մասին

2006թ. ստորագրված փոխըմբռնման պայմանագիրը, որին Թուրքիան միացել էր 2007թ. և որով նախատեսվում էր F-35 ամերիկյան կործանիչների համատեղ արտադրություն, դադարեցվել է։ Այժմ ԱՄՆ-ն ու ծրագրում ներառված մյուս երկրները նոր պայմանագիր են կնքել, որում Թուրքիան ներառված չէ։ ԱՄՆ-ն Անկարային ծանուցել է F-35-երի արտադրության ծրագրից պաշտոնապես հեռացված լինելու մասին։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյային։ Վերջինս չի մանրամասնել, թե ինչ ֆորմատով է Անկարան ծանուցվել ծրագրից դուրս մնալու մասին։

Նշվում է, որ պայմանագրին նոր կողմ առայժմ չի միացել։ Մինչ այս բացի Թուրքիայից ու ԱՄՆ-ից, ծրագրի մյուս մասնակիցներն էին՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան։

Այնուամենայնիվ, չնայած ծրագրից հեռացվելուն, թուրքական ընկերությունները դեռևս շարունակում են արտադրել F-35-երի համար նախատեսված 1000-ից ավելի պահեստամաս, այդ թվում՝ ինքնաթիռի հիմնական «կմախքը» (ֆյուզելյաժ)։ Թուրքիան պահեստամասերն արտադրելու է մինչև 2022թ.։

2020թ. մայիսին ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ պալատը հրապարակել էր F-35 ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրի վերանայման մասին ամենամյա զեկույցը՝ ուղղված Կոնգրեսի հանձնաժողովներին, ըստ որի՝ 2019թ. ծրագրից Թուրքիայի հեռացումը է՛լ ավելի է սրելու մատակարարման շղթայի առկա մարտահրավերները։

Ըստ զեկույցի՝ կործանիչների ծրագրի համար Թուրքիայում արտադրվող 1005 տարբեր պահեստամասի համար գտնվել են այլ աղբյուրներ, սակայն կա Թուրքիայում արտադրվող հիմնական 15 պահեստամաս, որոնց փոխարինողներն առայժմ անհրաժեշտ ժամկետներում չեն արտադրվում։

Նշվում էր, որ չնայած թուրքական պահեստամասերի արտադրության համար այլընտրանքային աղբյուրներ գտնվել են, սակայն այդ արտադրողներն էլ բախվել են արտադրության համար սահմանված նոր պահանջներին, և դրա հետևանքով ծրագրի համար նախատեսված մասերն ուշ են առաքվել։ Ըստ այդմ՝ հետաձգվում է նաև կործանիչների արտադրությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-35-երի ծրագրից հեռացնում է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Հեռացման մասին Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց 2019թ. հուլիսի 17-ին՝ արգելելով Թուրքիայի ԶՈւ համար արտադրված 4 միավոր F-35-ի մատակարարումը և թուրք օդաչուների մարզումները։ Ըստ ԱՄՆ-ի՝ Թուրքիային ծրագրից ամբողջությամբ հեռացման պրոցեսը պիտի ավարտվեր 2020թ. մարտին։

Ս-400-ը և F-35-ը։ Ծաղրանկարը՝ Sputniknews-ի
Ս-400-ը և F-35-ը։ Ծաղրանկարը՝ Sputniknews-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *