Թուրքիան կշարունակի արտադրել F-35 կործանիչների մասերը. Պենտագոն

Թուրքիան մինչև 2022թ. կշարունակի արտադրել 5-րդ սերնդի F-35 կործանիչների հիմնական կմախքը (ֆյուզելյաժը) և շարժիչի համակարգի 139 մաս։

Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը, փոխանցում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը։

Էնդրյուսը նշել է, որ չնայած Թուրքիան հեռացվել է կործանիչների արտադրության ծրագրից, սակայն անցած տարվա վերջին կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի պետք է կատարվեն գործող պայմանագրով ներառված պահեստամասերի մատակարարումները։

Պենտագոնի խոսնակը նաև հայտնել է, որ թուրքական պահեստամասերի արտադրության համար այլընտրանքային աղբյուրներ արդեն գտնվել են, և դրանք կսկսեն գործել, երբ կավարտվեն թուրքական ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերը։

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ պալատը հրապարակել էր F-35 ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրի վերանայման մասին ամենամյա զեկույցն՝ ուղղված Կոնգրեսի հանձնաժողովներին, ըստ որի՝ 2019թ. ծրագրից Թուրքիայի հեռացումը է՛լ ավելի է սրելու մատակարարման շղթայի առկա մարտահրավերները։

Ըստ զեկույցի՝ կործանիչների ծրագրի համար Թուրքիայում արտադրվող 1005 տարբեր պահեստամասերի համար գտնվել են այլ աղբյուրներ, սակայն կա Թուրքիայում արտադրվող հիմնական 15 պահեստամաս, որոնց փոխարինողներն առայժմ անհրաժեշտ ժամկետներում չեն արտադրվում։

Նշվում էր, որ չնայած թուրքական պահեստամասերի արտադրության համար այլընտրանքային աղբյուրներ գտնվել են, սակայն այդ արտադրողներն էլ բախվել են արտադրության համար սահմանված նոր պահանջներին, և դրա հետևանքով ծրագրի համար նախատեսված մասերն ուշ են առաքվել։ Ըստ այդմ՝ հետաձգվում է նաև կործանիչների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *