ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ պալատը հրապարակել է F-35 ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրի վերանայման մասին ամենամյա զեկույցն՝ ուղղված Կոնգրեսի հանձնաժողովներին, ըստ որի՝ 2019թ. ծրագրից Թուրքիայի հեռացումը է՛լ ավելի է սրելու մատակարարման շղթայի առկա մարտահրավերները։
Ըստ զեկույցի՝ կործանիչների ծրագրի համար Թուրքիայում արտադրվող 1005 տարբեր պահեստամասերի համար գտնվել են այլ աղբյուրներ, սակայն կա Թուրքիայում արտադրվող հիմնական 15 պահեստամաս, որոնց փոխարինողներն առայժմ անհրաժեշտ ժամկետներում չեն արտադրվում։
Ավելին՝ նոր աղբյուրները մեկ տարվա ընթացքում չեն կարողանալու պահանջվող մակարդակին համապատասխան արտադրանք տալ, քանի որ դրանց մոտ 10 տոկոսը F-35֊երի համար նոր են։ 2019թ. մատակարարողների մի մասը բախվել են արտադրության համար սահմանված նոր պահանջներին, և դրա հետևանքով ծրագրի համար նախատեսված մասերը ուշ են առաքվել։ Նշվում է, որ ըստ այդմ՝ հետաձգվում է նաև կործանիչների արտադրությունը։
Այնուամենայնիվ, զեկույցում, հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության Ձեռքբերման և պահպանման քարտուղարության (Under Secretary of Defense for Acquisition and Sustainment) մի անանուն պաշտոնյայի, նշվում է, որ ծրագիրը թուրքական պահեստամասերն արտադրելու այլընտրանքային աղբյուրներ էր գտել՝ Թուրքիային մինչև 2020թ. մարտը մատակարարման շղթայից հեռացնելու նպատակով, սակայն թուրքական ընկերությունները մասամբ շարունակելու են մատակարարումները մինչև 2022թ․։
Նախորդ շաբաթ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը ևս հայտարարել էր, որ Թուրքիան, չնայած կործանիչների արտադրման ծրագրից հեռացվելուն, առայժմ շարունակում է ինքնաթիռի մասերի արտադրությունն ու մատակարարումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ֊ն 2019թ․ հուլիսին հայտարարեց, որ Թուրքիան, ռուսական Ս-400 զենիթահռթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով մինչև 2020թ. մարտն ամողջությամբ հեռացվելու է F-35-երի արտադրության ծրագրից։ Այս հայտարարությունն ամերիկյան կողմն արեց ռուսական համակարգերի Թուրքիա մատակարարվելուց հինգ օր անց։
Թուրքիան նախատեսում էր ԱՄՆ֊ից ստանալ մոտ 100 միավոր 5-րդ սերնդի կործանիչ, որից 4-ն արդեն իսկ մատակարարվել էին Թուրքիայի զինված ուժերին, սակայն շարունակում էին մնալ ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում, որտեղ դասընթացներ էին անցնում թուրք օդաչուները։ Այդ դասընթացները ևս դադարեցվեցին ռուսական համակարգերի մատակարարումից հետո, օդաչուները հետ վերադարձան Թուրքիա։
Այժմ, ըստ երկկողմ հայտարարությունների, շարունակվում են թուրք֊ամերիկյան բանակցությունները Ս-400-ների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Դիրքորոշումները, սակայն, չեն փոխվել․ ամերիկյան կողմը հայտարարում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ ստանդարտներին չհամապատասխանող ՀՕՊ համակարգերից ու դրանց փոխարեն կարող է գնել ամերիկյան Patriot համակարգերը, իսկ թուրքական կողմը պնդում է, որ ռուսական համակարգերը գործարկելու է, սակայն, հարմար պայմանների դեպքում, կարող է գնել նաև Patriot֊ները։