Թուրքիան պաշտոնապես կհեռացվի F–35-երի ծրագրից․ ԱՄՆ

Հուլիսի 17-ի երեկոյան ԱՄՆ Սպիտակ տունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։

Հաղորդագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

«Ցավոք, Թուրքիայի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու որոշումը անհնարին է դարձնում այդ երկրի ներգրավվածությունը F–35-երի ծրագրին։ F–35-ը չի կարող միևնույն տեղում լինել ռուսական հետախուզական պլատֆորմի հետ, որը կկարողանա հասկանալ կործանիչի հնարավորությունները։ ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում էր Թուրքիայի հետ, որպեսզի առաջարկեր հակաօդային պաշտպանության լուծումներ՝ ընդունելով այդ երկրի ՀՕՊ կարիքները հոգալու լեգիտիմ իրավունքը, և այս կառավարությունը տարբեր առաջարկներ է արել, որ Թուրքիան ստանա ամերիկյան Patriot համակարգերը։ Թուրքիան ՆԱՏՕ վաղեմի և հավատարիմ գործընկերն ու դաշնակիցն է արդեն 65 տարի, բայց ստանալով Ս–400-ները նա մերժում է բոլոր այն պարտավորությունները, որ ՆԱՏՕ դաշնակիցները ստանձնել են իրար նկատմամբ՝ հեռու մնալ ռուսական համակարգերից։ Սա նաև բացասական ազդեցություն կունենա դաշինքի հետ Թուրքիայի փոխգործակցության վրա։ ԱՄՆ-ն շարունակում է մեծապես գնահատել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Որպես ՆԱՏՕ դաշնակից, մեր հարաբերությունները բազմաշերտ են և բացառապես F–35-երի վրա չեն կենտրոնացած։ Մեր ռազմական համագործակցությունը շատ ամուր է և մենք շարունակելու ենք համագործակցել Թուրքիայի հետ՝ հաշվի չառնելով այն խոչընդոտները, որոնք կստեղծի Թուրքիայում Ս–400-ների առկայությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Պենտագոնից հայտնել են, որ այսօր ԱՄՆ ժամանակով ժամը 15։00-ին (ՀՀ ժամանակով՝ 23:00-ին) պետք է անցկացվի բրիֆինգ, որտեղ մանրամասն կներկայացվի Թուրքիային այս ծրագրից հեռացնելու քայլերի հերթականությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հուլիսի 12-ից ստանում է ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերը։ Ռուսական բեռնատար ինքնաթիռները դրանք տանում են մայրաքաղաք Անկարայից ~30-35 կմ հյուսիս–արևմուտք տեղակայված «Մյուրթեդ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։ Այսօր ավիաբազայում վայրէջք է կատարել արդեն 14-րդ ռուսական ինքնաթիռը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *