Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bayramov)։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վիրավորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերը Տավուշի մարզի Զորական* գյուղից գիշերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դեպքի վայր է մեկնել ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը։
* Հրաձգային զինատեսակներից տեխնիկապես անհնար է Զորական գյուղից թիրախավորել ադրբեջանական առաջապահ դիրքերը, քանի որ դրանց միջև հեռավորությունը շուրջ 9.5 կմ է: Ամենայն հավանականությամբ նկատի ունեն ոչ թե գյուղը, այլ այդ ուղղությունը:
[19.07.2019 14:16 Թարմացում]. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ադրբեջանական կողմից բանակի փոխարեն իրականացնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը: