2018 և 2019 ֆիսկալ տարիներին ԱՄՆ պաշտպանության և պետական դեպարտամենտների՝ միջազգային ռազմական և իրավապահ ոլորտներում ֆինանսական օժանդակությամբ Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար։
Այս թեմայով վերլուծություն է հրապարակել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
2018 ֆիսկալ տարում Ադրբեջանին է տրամադրվել $59,667,000, իսկ 2019թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված է $42,910,000, ընդհանուր՝ $102,577,000:
Հայաստանին 2018-ին տրամադրվել է $4,172,000, իսկ ̶2̶0̶1̶9̶-̶ի̶ն̶,̶ ̶ը̶ս̶տ̶ ̶ա̶մ̶ե̶ր̶ի̶կ̶յ̶ա̶ն̶ ̶S̶e̶c̶u̶r̶i̶t̶y̶A̶s̶s̶i̶s̶t̶a̶n̶c̶e̶.̶o̶r̶g̶ ̶կ̶ա̶յ̶ք̶ի̶,̶ ̶ֆ̶ի̶ն̶ա̶ն̶ս̶ա̶կ̶ա̶ն̶ ̶օ̶ժ̶ա̶ն̶դ̶ա̶կ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ ̶չ̶ի̶ ̶ն̶ա̶խ̶ա̶տ̶ե̶ս̶վ̶ո̶ւ̶մ̶:̶[Թարմացում] 2019 և 2020 ֆիսկալ տարիներին Հայաստանի համար նախատեսվում է համապատասխանաբար՝ 2,8 և 2,1 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն։
Ադրբեջանի օժանդակության մեծագույն մասը՝ $101,515,000, տրամադրվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ հակաահաբեկչական, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում:
2018թ. ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրված օժանդակության մեծ մասն էլ՝ $3,200,000, տրամադրվել է International Narcotics Control and Law Enforcement ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ թմրանյութերի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի համար:
Նախորդ տարիներին տրամադրվող միջոցների համեմատ 2018–19–ին Ադրբեջանին տրամադրվող օժանդակության աճը կտրուկ է: Օրինակ՝ 2017-ին Ադրբեջանը ստացել էր ընդամենը 2 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն:
Հայաստանին տրամադրվող միջոցները գումարային առումով թեև անհամեմատելի են Ադրբեջանի հետ, սակայն համեմատության մեջ 2018-ի օժանդակությունը 2 մլն ԱՄՆ դոլարով ավելի է եղել քան 2017-ին։
[Հավելում] Ռազմինֆոյի հետ զրույցում Էմիլ Սանամյանը Ադրբեջանին տրամադրվող օգնության կտրուկ աճը պայմանավորում է Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է ավելի շատ երկրներ միացնել հակաիրանական կոալիցիային, և այս օգնությունը դիտում է հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ պարոն Սանամյանի, մեր երկրի հանդեպ դրական և հագեցած դինամիկա չի նկատվում, չնայած՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները փորձում են շտկել դա:
Հիշեցնենք, որ 2016-ին «Ռազմինֆոն», հիմնվելով նույն աղբյուրի վրա, հաշվել էր տարբեր ծրագրերով 2000–ից 2017 թվականներին ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ֆինանսակայն օժանդակությունը: Ըստ դրա՝ նշված տարիների ընթացքում Հայաստանը ստացել էր $124,014,527-ի, իսկ Ադրբեջանը՝ $254,495,911-ի օժանդակություն: