ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին. ընդլայնված ցուցակ

Մայիսին ամերիկյան Eurasianet.org լրատվակայքը համեմատել էր վերջին 10 տարում Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերով տրամադրած ամերիկյան ռազմական օգնության ծավալները (համապատասխանաբար 41 հազ. դոլար և 20 մլն դոլար):

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ (արխիվ)

Լրացուցիչ հետազոտելով Eurasianet-ի հոդվածում նշած աղբյուրները՝ Ռազմինֆոն պարզեց, որ իրականում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերջին տասը տարում Հայաստանին և Ադրբեջանին ավելի շատ ծրագրերով է ռազմական օգնություն տրամադրել, և ստացված օգնության չափերը համապատասխանաբար 7 մլն դոլար և 108 մլն դոլար են, ինչից հետևում էր, որ Ադրբեջանին զգալիորեն ավելի շատ է օգնություն տրամադրվում քան Հայաստանին:

Ռազմինֆոյի հոդվածը բավական արձագանքներ ունեցավ ընթերցողների շրջանում:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հավելյալ տեղեկություններ տրամադրեց մեր խմբագրությանը ԱՄՆ ռազմական օգնության վերաբերյալ: Ըստ այդ տեղեկությունների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերում կան այնպիսիները, որոնք բուն ռազմական չեն: Մասնավորապես «Համատեղ սպառնալիքի նվազեցում» (Cooperative Threat Reduction) ծրագրով Ադրբեջանում իրականացվել է կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագիր, իսկ «Հոդված 1206. վարժանք և տեխնիկական միջոցներ» (Section 1206 Train and Equip Authority) ծրագրով՝ 2011թ. իրականացվել է ծովային հակաահաբեկչական կարողությունների ընդլայնման ծրագիր:

Ավելին՝ ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես ռազմական օգնության ծրագրեր է իրականացնում, օրինակ՝ «Միջազգային ռազմական ֆինանասավորում» (Foreign Military Financing) և «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (International Military Education and Training, IMET):

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ռազմինֆոյին տեղեկացրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը «ստանում են միևնույն հրավերները` կարող են օգտվել, կարող են` ոչ»:

Ամբողջական պատկերը ցույց տալու համար որոշեցինք ներկայացնել Հայաստանին և Ադրբեջանին տրված օգնության ծավալի մասին ամերիկյան SecurityAssistance.org կայքում հրապարակված բոլոր տվյալները՝ ներառյալ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և պետդեպարտամենտինը:

Ստորև աղյուսակում ներկայացված են վերոնշյալ կայքի հրապարակած 2000–17 թթ. տվյալների հանրագումարները: (Նշենք, որ ԱՄՆ ՊՆ ծրագրերի մասին տվյալներն այդ կայքում ներկայացված են միայն մինչև 2014 թ. ներառյալ):

Հայաստան Ադրբեջան
ԱՄՆ պաշտպանության նախարարություն $13 656 663 $126 367 079
ԱՄՆ պետդեպարտամենտ $110 174 138 $127 781 000
Այլ $183 726 $347 832
Ընդհանուր $124 014 527 $254 495 911

Առավել մանրամասն աղյուսակը՝ ըստ տարիների և ըստ ծրագրերի, կարող եք նայել այստեղ:

Հոդվածի հեղինակներ՝ Հայկ Խաչիկյան, Գարիկ Հարությունյան

3 responses to “ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին. ընդլայնված ցուցակ

  1. Pingback: Ուորլիք. ԱՄՆ-ն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարում Հայաստանին և Ադրբեջանին | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ ՊՆ փոխտեղակալի հետ ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *