Վաղը՝ հուլիսի 1-ին, տեսակոնֆերանսի միջոցով կկայանա սիրիական խնդրի վերաբերյալ Աստանայի ձևաչափով եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Այս տեղեկությունը, ռուսական «ՌԵԳՆՈւՄ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ հանդիպումը նախատեսվում է սկսել Մոսկվայի ժամանակով 14:00-ին, և երեք երկրների ղեկավարների ելույթները բաց կլինեն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ նախատեսվող հանդիպման մասին հունիսի 15-ին հայտնել էին Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջավադ Զարիֆը՝ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ։
Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Աստանայի ձևաչափով հանդիպումները մեկնարկել են 2017 թվականին։ Վերջին՝ 14-րդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թ. դեկտեմբերին։ Իսկ 2020 թ. մարտին Նուր-Սուլթանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր նոր կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին սահմանների փակման պատճառով։