Ս-400-ներն ԱՄՆ-ին վաճառելու համար իրավական հիմք չկա. Թուրքիա

Մի երկրից մեկ այլ երկրին վաճառվող զինտեխնիկան տրվում է որպես վերջնական սպառողի։ Եթե Թուրքիան գնել է Ս-400 ՀՕՊ համակարգերն, ապա պատրաստվում է օգտագործել դրանք։

Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուրսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատում նախօրեին արված այն առաջարկությունն, ըստ որի ԱՄՆ֊ն կարող է գնել Թուրքիայի Ս-400 ՀՕՊ համակարգերն ու այդպիսով լուծել կողմերի միջև առաջացած խնդիրը:

Չելիքը նշել է, որ գնված ապրանքը մեկ այլ երկրի վաճառելու համար իրավական հիմք էլ չկա՝ օրինակ բերելով F-16 ամերիկյան կործանիչները․ «Եթե մի երկիր ունի F-16, դա չի նշանակում, որ այն կարող է վաճառել մեկ այլ երկրի։ Ս-400-ների դեպքում էլ այդպես է»։

ԱՄՆ Սենատի առաջարկությունը մեկնաբանել են նաև Ռուսաստանում։ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան նշել է, որ ռուսական զինտեխնիկայի արտահանման համար գնորդը [այս դեպքում՝ Թուրքիան ― Ռազմինֆո խմբ.] պետք է ռուսական կողմին ներկայացնի վերջնական սպառողի վկայական։ Այս պատճառով էլ Թուրքիան չի կարող այն վերավաճառել մեկ այլ կողմի՝ առանց ռուսական կողմի պաշտոնական համաձայնության։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Ջոն Թյունն առաջարկել էր գնել Թուրքիային վաճառված Ս-400 ՀՕՊ համակարգերը։ Ավելի ուշ Թյունը մեկնաբանել էր այս առաջարկը՝ նշելով, որ ԱՄՆ կողմից ռուսական համակարգերի գնումը կարող է լուծել կողմերի միջև առաջացած խնդիրը, սակայն Թուրքիան նաև պետք է խոստանա, որ համակարգերի դիմաց վճարված գումարով չի գնելու այնպիսի զինտեխնիկա, որը, ինչպես Ս-400-ները, չի համապատասխանի ՆԱՏՕ ստանդարտներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *