Ռուսաստանը Ղրիմում խոշոր զորավարժություն է անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, խոշոր միջզորատեսակային զորավարժություն է մեկնարկել։ Ռազմական շրջանի համազորային բանակներից, Սևծովյան նավատորմից, Կասպյան նավատորմիղից և օդադեսանտային ուժերից զորավարժությանը մասնակցում է 10 հազարից ավելի զինծառայող և ներգրավված է 1200 միավոր զինտեխնիկա։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Զորավարժությունը ձմեռային ուսամնական փուլի նախապատրաստական աշխատանքների մաս է, որի նպատակով հարավային ռազմական շրջանում խոշոր ստուգումներ էին սկսվել։

Զորավարժության ընթացքում Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» և «Ադմիրալ Մակարով» հածանավերը օդադեսնտայիններին ապահովել են կրակային աջակցությամբ։ Այս երկու նավերն էլ Սիրիայում պատերազմական գործողությունների փորձ ունեն Միջերկրական նավախմբի* կազմում։ Կրակային խոցումներ են կատարել նաև Սու-30ՍՄ կործանիչներն ու Սու-24, Սու-34 ռմբակոծիչները։

Զորավարժության հրամանատարը ռազմական շրջանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովն է։ Զորավարժությանը ներկա է եղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նախարարը զորավարժության ակտիվ փուլի ավարտից հետո հայտնել է ստուգումների ավարտի մասին և հրանհանգել Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների զինծառայողներին վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքներում, Ղրիմում։ Ռազմական շրջանի կազմի մեջ են Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները, Սևծովյան նավատորմը, Կասպյան նավատորմիղը։

*Ռուսաստանի ռազմածովային ուժերի Միջերկրական նավախումբը համանուն ծովում գործող, 10-12 ռազմանավերից բաղկացած մշտական օպերատիվ ստորաբաժանում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *