Ինչու է Իդլիբում իրավիճակը լարվել

Այսօր Թուրքիայի ՊՆ֊ն հայտարարեց, որ Սիրիայի Իդլիբ շրջանում խոցվել է կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռ։ Մինչ այդ՝ փետրվարի սկզբից Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբի շրջանում բախումներ սկսվեցին մի կողմից Թուրքիայի բանակի և նրանց հովանավորությամբ գործող զինյալների, մյուս կողմից Սիրիայի կառավարական բանակի միջև․ կողմերն ունեցան կորուստներ (1

Իդլիբի հիմնական մասում տեղակայված են Թուրքիայի հովանավորությամբ գործող Ասադին ընդդիմադիր զինյալ խմբավորումներ։ Դեռևս 2017-ին Աստանայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի բանակացությունների արդյունքում Իդլիբը բաժանվել էր «պատասխանատվության գոտիների», այն հայտարարվել էր «ապաէսկալացման գոտի»։

Աստանայի բանակցություններում որպես հրադադարի պահպանման երաշխավորներ հանդես եկող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որոշել էին սիրիական այդ նահանգը բաժանել հատվածների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պետք է վերահսկողությունն իր վրա վերցներ:

Բացի այդ՝ 2018թ․ սեպտեմբերին առանձին բանակցություններ եղան Թուրքիայի և ՌԴ նախագահների միջև, ինչի արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն Իդլիբում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև ստեղծել 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի, որտեղ պետք է պարեկություն իրականացնեին ՌԴ և Թուրքիայի ուժերը՝ առանձին։

Իդլիբի զինյալների վերահսկողության տակ գտնվող հատվածներում Թուրքիայի ԶՈւ֊ն հիմնել էր դիտարկման կետեր, որոնք, ըստ էության, փոքր ռազմաբազաներ են։ Դիտարկման գոտիներ ուներ նաև ռուսաստանյան կողմը, որոնք տեղակայված էին կառավարական ուժերի վերահսկողության հատվածում։

Այն ժամանակ՝ 2017թ․, երբ կայացվում էր Իդլիբը բաժանելու որոշումը Սիրիայի կառավարական ուժերը զբաղված էին «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններով։ Ըստ էության ԻՊ֊ին չեզոքացնելուց հետո Ասադի բանակը հնարավորություն ստացավ նաև գործելու այլ ուղղություններով, այդ թվում՝ երկրի հյուսիսային մասում։

Իդլիբի հատվածը հունվարի սկզբի դրությամբ
Իդլիբի հատվածը փետրվարի դրությամբ

Իդլիբի առանձնահատկությունն այն է, որ այդ տարածքով է անցնում M5 մայրուղին, որը կապում է Հալեպը Սիրիայի հարավային մասին, որը կառավարական ուժերի վերահսկողության տակ է, իսկ այդ մայրուղին ընկնում էր զինյալների վերահոսկողության տակ գտնվող տարածքում։

Հունվարի վերջից սկսած Սիրիայի բանակի գործողությունների արդյունքում մայրուղին անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ, իսկ վերոնշյալ թուրքական դիտակետերից մի քանիսը մնացել են դրա թիկունքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *