Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով Սոչիում էր, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկեցին իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։
Երկու երկրների ղեկավարների քննարկումից հետո հրավիրվեց մամլո ասուլիս, որտեղ հայտարարվեց․
- Իդլիբում, մինչև հոկտեմբերի 15-ը, Սիրիայի զինված ուժերի և ընդդիմադիր ուժերի միջև սահմանին 15-20կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին երկու նախագահների որոշումը։
- Թուրքիայի նախագահի առաջարկությամբ հոկտեմբերի 10-ին այդ տարածքից պետք է դուրս բերվի ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինությունը, տանկերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը և ականանետերը։
- Պետք է ստեղծվի տրանզիտային կապ Հալեպ-Լաթաքիա և Հալեպ-Խամա ճանապարհներով, ամենաուշը՝ մինչև 2018թ վերջ։
- Այդ ապառազմականացված գոտում թուրքական զինված ուժերը և ռուսական ռազմական ոստիկանությունը իրականացնելու են անկախ պարեկային գործողություններ։
Ասուլիսից հետո հայտարարվեց Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի ստորագրած «Իդլիբում իրավիճակի կարգավորման» հուշագրի մասին։
Հանդիպումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Իդլիբում նոր ռազմական գործողություններ չեն լինելու։
Հիշեցնենք, որ Իդլիբի հարցով սեպտեմբերի 7-ին Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ստորագրել էին հուշագիր Իդլիբում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողությունների մասին։
Հավելենք, որ Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսել է հաստատվել դեռ 2017թ հոկտեմբերից:
Սիրիայի Իդլիբ նահանգում զինուժ տեղակայելու վերաբերյալ Թուրքիան համաձայնության է եկել Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ: Այս երեք երկրները հանդիսանում են երաշխավորներ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման համար: Իդլիբ նահանգը համարվում է այն վերջին կետը, որտեղ Սիրիայի իշխանական ուժերը ցանկանում են հարձակվել ընդդիմադիր ուժերի վրա։