Թուրքական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգերը ԶՈւ-ին կմատակարարվեն 2023թ–ին

Թուրքական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգը՝ «Սիփերը» (Siper կամ «Հիսար Ու»), Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվեն 2023թ․, իսկ այս տարի հունիսին պատրաստ կլինեն տեղական «Հիսար Ա» (Hisar A) փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։

ՊԱԳՎ պետն այս մասին խոսել է թուրքական Sabah թերթի հետ զրույցում։ Ըստ Դեմիրի՝ «Հիսար Ա» համակարգերը տեղակայվելու են թուրք֊սիրիական սահմանի մոտ։ Նշենք, որ այս համակարգերի խոցման առավելագույն հեռավորությունը 10-15 կմ է։

««Հիսար Ա» համակարգերը հունիսին պատրաստ կլինեն, «Ռոքեթսանը» մեզ դա խոստացել է»,֊ ասել է Դեմիրը։

Հարկ է նշել, որ «Հիսար Ա» ՀՕՊ համակարգերի պատրաստ լինելու մասին տեղեկություններ կային դեռ 2019թ․ նոյեմբերին։ Հնարավոր է՝ ՊԱԳՎ պետը նկատի է ունեցել, որ հունիսին ՀՕՊ համակարգերը կսկսեն մատակարարվել, սակայն հնարավոր է նաև, որ նոյեմբերին համակարգերն իրականում պատրաստ չեն եղել, և դրա համար էլ Դեմիրը նշում է, որ արտադրող ընկերությունից՝ «Ռոքեթսանից» խոստում են ստացել։

Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգ» նախագծի շրջանակներում։ ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»

Բացի «Հիսար Ա»֊ից, արտադրվել է նաև միջին հեռահարության «Հիսար Օ» ՀՕՊ համակարգը, որի խոցման առավելագույն հեռավորությունը 25 կմ է։

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան
Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Իսկ «Սիփեր» կամ «Հիսար Ու» հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրման մասին առաջին անգամ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2018թ․ հոկտեմբերին։ Այս համակարգի ստեղծման աշխատանքները սկսել են թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները և Tübitak SAGE գիտա–հետազոտական կենտրոնը։

Հեռահար համակարգի խոցման առավելագույն հեռավորությունը նախատեսվում է 70-90 կմ։ Առաջին նախատիպն առայժմ նախատեսվում է ներկայացնել 2022թ․։

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը ․․․

Իսմայիլ Դեմիրը նաև անդրադարձել է 2019թ․ ամռանը Ռուսաստանից ստացած Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերին, որոնց գնման համար Թուրքիան տարաձայնություններ ունի ԱՄՆ և ՆԱՏՕ֊ի հետ։ Պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ դժգոհություններից հետո Ս-400-ները Թուրքիայում կգորածարկվեն, թե ոչ, Դեմիրն ասել է, որ «ցանկացած գնված բան գործարկվում է, Ս-400-ներն էլ գործարկվելու են»։

Ս-400-ները Թուրքիայում
Ս-400-ները Թուրքիայում

Բացի այդ՝ Դեմիրը նշել է, որ Ս-400-ների գնման մասին պայմանագրում հստակ ձևակերպումներ կան այս համակարգերի երկրորդ խմբաքանի որոշ մասերի Ռուսաստանի հետ համատեղ արտադրության մասին։

Նշենք, որ ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության աղբյուրը հունվարի 21-ին հայտնել էր, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրով Ս-400-ների մնացած երկու դիվիզիոնի փոխանցման համար արտադրական տեխնոլոգիաների տրամադրում, թեկուզ մասամբ, նախատեսված չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *