Իդլիբում 4 թուրք զինծառայող սպանվել է, 9-ը՝ վիրավորվել․ Թուրքիայի ՊՆ

Փետրվարի 2-ին թուրքական ծանր զինտեխնիկան հատել էր Սիրիայի սահմանն ու շարժվել Իդլիբի ուղղությամբ։ Այսօր՝ փետրվարի 3-ին Իդլիբում Սիրիայի բանակի հետ բախումներում սպանվել է 4, վիրավորվել՝ 9 թուրք զինծառայող։

Կորուստների մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց ուժերն Իդլիբ էին ուղարկվել բախումները կանխելու համար՝ որպես տեղի թուրքական ուժերի ամրացում։ Ըստ աղբյուրի՝ Սիրիայի կառավարական ուժերը թուրք զինծառայողների դեմ օգտագործել են հրետանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան իրենց կորուստների, Իդլիբում չեզոքացվել է կառավարական բանակի 30-35 զինծառայող։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարող է ռազմական նոր գործողություն սկսել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբի շրջանում, քանի դեռ հակամարտությունն այնտեղ դադարեցված չէ։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ այդ բախումները դեպի Թուրքիա փախստականների նոր ալիքի պատճառ են դառնալու։

Հունվարի 29-ին էլ Էրդողանը մեղադրել էր ռուսական կողմին, Իդլիբում կառավարական ուժերին օգնելով Աստանայի (2017թ․ մայիս) և Սոչիի (2018թ․ սեպտեմբեր) պայմանավորվածությունները խախտելու համար։ Ըստ Էրդողանի՝ վերջին շրջանում Իդլիբում կառավարական ուժերի կողմից հարձակումներն ակտիվացել են։

« ․․․ Մեր համբերությունը հատում է։ Մենք ռուսներին ասել ենք՝ եթե ռմբակոծությունը չդադարեցնեք, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք գտնում»,֊ հայտարարել էր Էրդողանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *