Փետրվարի 10-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբի շրջանում կառավարական բանակի հետ բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, ևս 5-ը վիրավոր են։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ թուրքական բանակը կորուստներ է ունեցել Սիրիայի կառավարական բանակի հրետանային հարվածների արդյունքում։ Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմը պատասխան հարված է տվել։
Նշենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Ռուսաստանից ռազմական պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ Իդլիբում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Բացի այդ՝ մարտի վերջին հնարավոր է Աստանայի ձևաչափով նոր համաժողով հրավիրվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին թուրքական ու սիրիական բանակների բախումից սպանվել էր ևս 5 թուրք զինծառայող։
Հունվարի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր ռուսական կողմին, Իդլիբում կառավարական ուժերին օգնելով Աստանայի (2017թ․ մայիս) և Սոչիի (2018թ․ սեպտեմբեր) պայմանավորվածությունները խախտելու համար։
Հունվարի 31-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարող է ռազմական նոր գործողություն սկսել Իդլիբում, քանի դեռ հակամարտությունն այնտեղ դադարեցված չէ։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ այդ բախումները դեպի Թուրքիա փախստականների նոր ալիքի պատճառ են դառնալու։
Վերջին շրջանում կառավարական ուժերի կողմից Իդլիբի մի քանի շրջանների գրավումից հետո թուրքական կողմը հայտարարում է, որ «սիրիական բանակը պետք է դուրս գա այդ տարածքներից, քանի որ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով խախտում է Իդլիբի համաձայնագիրը»։