Սիրիայի Իդլիբում «դիտարկման կետեր» (բազա) ունեն Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը

Սիրիայի Իդլիբ նահանգում և հարակից հատվածներում ավարտվել է «հրադադարի պահպանման վերահսկման դիտակետերի» տեղակայմնան գործընթացը: Իրենց «դիտակետերը» հիմնել են ոչ միայն Թուրքիան (12), այլև՝ Ռուսաստանը (10) և Իրանը (7): Այս մասին մայիսի 23-ին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:

Գեներալ Ռուդսկոյը նշել է, որ դիտակետերում տեղակայվել են նշված երեք պետությունների իզնված ուժերի ստորաբաժանումներ: Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի Իդլիբ նահանգը «պատասխանատվության գոտիների» բաժանել էին 2017 թ. կայացրած որոշմամբ:

Իդլիբը հայտարարվել էր «ապաէսկալացման գոտի»: Աստանայի բանակցություններում որպես հրադադարի պահպանման երաշխավորներ հանդես եկող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որոշել էին սիրիական այդ նահանգը բաժանել հատվածների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պետք է վերահսկողությունն իր վրա վերցներ:

Նահանգի հիմնական հատվածն անցել էր Թուրքիային: Ռուսաստանը և Իրանը հիմնականում պետք է Իդլիբը Սիրիայի մյուս շրջաններին սահմանակցող հատվածները վերահսկեին: Մինչ օրս, սակայն, միայն թուրքական կողմն էր պարբերաբար հայտնել «դիտարկման կետերի» ստեղծման մասին: Դրանք փաստացի առանձին փոքր ռազմաբազաներ են Սիրիայի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *