Ռուսաստանի հարավում և արևմուտքում ԱԹՍ–ների դեմ պայքարող մոբիլ խմբեր են ստեղծվել

Ռուսաստանի ԶՈւ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում այս տարվա հունվարից ստորաբաժանումներում կազմավորվել են ԱԹՍ–ների դեմ պայքարող մոբիլ ջոկատներ։ Ջոկատի սպառազինության մեջ մտել են փոքր չափսերով ռադիոլոկացիոն կայաններ և ռադիոէլեկտրոնային խափանումներ ստեղծող համակարգեր։

Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ ՊՆ–ում իր աղբյուրներին։

Թերթը հայտնում է, որ առաջիկայում նման ստորաբաժանումներ կլինեն մյուս ռազմական շրջաններում ևս։ Ջոկատների սպառազինությունը այժմ թույլ է տալիս հետախուզական կամ հարվածային ԱԹՍ–ները խափանել կամ հարկադրել վայրէջքի, սակայն նախատեսվում է սպառազինությունը համալրել նաև խոցող միջոցներով։

Նման ստորաբաժանումներն ու դրանց գործունեությունը ռուսական բանակում նորություն չեն։ 2019 թվականին նման մոբիլ ստորաբաժանում կազմավորվել էին Ղրղզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներում։

Անօդաչուների դեմ պայքարի նման փորձ նաև ամերիկյան բանակն ունի։ Օրինակ Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ ուժերը քաղաքացիական ԱԹՍ–ների դեմ պայքարին միտված վարժանքներ են անում, քանի որ այդ ԱԹՍ–ներն ավելի փոքր չափերի են ու քիչ տեսանելի քան ռազմական ԱԹՍ–ները և տեխնիկական որոշ ձևափոխումներից հետո լայնորեն կիրառվում են ահաբեկչական խմբավորումների կողմից։

Նշենք, որ Հարավային ռազմական շրջանը ներգրավված է սիրիական պատերազմում, ինչպես նաև այս ռազմական շրջանի մեջ են մտնում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաները, իսկ Արևմտյան ռազմական շրջանը ՆԱՏՕ անդամ երկրների հետ է սահմանակից։

Այս երկու ռազմական շրջաններին դարձվող առանձնակի ուշադրությունը երևում է նաև ՌԴ ՊՆ–ի վարած կադրային քաղաքականությունից։ Օրինակ՝ անցյալ տարի ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ այս շրջաններում զինծառայողների թիվը ավելանալու է մյուս ռազմական շրջանների հաշվին։

2019 թվականին Հարավային ռազմական շրջանում կազմավորվել էին նոր ստորաբաժանումներ՝ հրթիռային բրիգադ, «ԲԱԼ» հրթիռային համակարգերի դիվիզիոն, ևս 2 գունդ և մոբիլիզացիոն բացազատման ապահովման կենտրոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *