Թուրքիայում Ս–400-ների առաջին մարտկոցը կտեղակայվի Սիրիայի սահմանին մոտ. թուրքական ԶԼՄ

Թուրքիայի համար նախատեսված առաջին Ս–400 ՀՕՊ համակարգերը Ռուսաստանում բեռնվել էին հուլիսի 7-ին, իսկ Թուրքիա պետք է հասնեն այս շաբաթ։ Թուրքական լրատվամիջոցներում մասնավորապես նշվում է, որ համակարգերի առաջին մարտկոցը Թուրքիա է հասնելու հուլիսի 9-ին, սակայն սա հաստատող տեղեկություններ առայժմ չկան։

Թուրքական իշխանամետ Demirören լրատվական գործակալությունը մատակարարումներին ընդառաջ տեղեկություն է տարածել, որ Ս–400-ների առաջին մարտկոցը տեղակայելու է Սիրիայի հետ սահմանի միջին մասում՝ Բիրեջիք նահանգի մոտակայքում։

Աղբյուրը գրում է, որ որոշված է նաև համակարգերի երկրորդ մարտկոցի տեղակայումը. դրանք կլինեն կա՛մ Մերսին, կա՛մ Հաթայ նահանգներում։

Նշենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցի շուրջ
գործարքի ամենասկզբից տարբեր կարծիքներ են շրջանառվում։ Նախ տեղեկություններ կային, որ Ս–400-ները տեղակայվելու են Անկարայի մոտակայքում՝ «Աքընջը» կոչվող ավիաբազայում։ Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ հայտարարեց, որ այս համակարգերը պաշտպանելու են մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի օդային տարածքները։

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին համակարգերի կա՛մ Էգեյան, կա՛մ Միջերկրական ծովի սահմանների մոտ տեղակայելու մասին։ Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Թուրքիան ցանկանում է Միջերկրական ծովի սահմանին Ս–400-ներ տեղակայել Կիպրոսի տնտեսական գոտում սկսած ապօրինի հորատումների շուրջ Նիկոսիայի հետ հարաբերություններում ստեղծված հակասությունների պատճառով։ 

Այսպիսով՝ Թուրքիայում Ս–400-ների տեղակայման վայրի շուրջ կարծիքները տարբեր են, ըստ այդմ՝ չենք կարող պնդել, որ Սիրիայի հետ սահմանին տեղակայվելու մասին տեղեկությունը հստակ է ու վերջնական։ Վերջին օրերին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը կամ ԱԳՆ Չավուշօղլուն, պատասխանելով հարցին, թե որտեղ են համակարգերը տեղակայվելու, միայն ասում են. «այդ հարցը մեր մասնագետները կորոշեն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *