Օբամայից հետո Թրամփին էլ դիմեցինք, երկու տարի չպատասխանեց. Չավուշօղլու

Հուլիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաընկերության հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձավ հունիսի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած Էրդողան–Թրամփ հանդիպմանը և դրա արդյունքներին։

Չավուշօղլուն նշեց՝ կարևոր էր Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան մեղավոր չէ ռուսական համակարգեր գնելու համար, քանի որ մինչ այդ ԱՄՆ–ից Patriot ՀՕՊ համակարգեր է ցանկացել գնել, իսկ Օբամայի կառավարությունը մերժել է՝ դրանով անարդարություն ցուցաբերելով Թուրքիայի նկատմամբ։

Այնուահանդերձ՝ Չավուշօղլուն պնդեց, որ այս հայտարարությանը կա նաև զուգահեռ իրականություն.

«Երբ Թրամփը եկավ իշխանության մենք նրան ևս նամակ գրեցինք այն մասին, որ ցանկանում ենք գնել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն նրանից էլ երկու տարի պատասխան չստացանք»,–ասաց Չավուշօղլուն։

Սրանով Թուրքիայի արտգործնախարարն ակնկարկեց այն մասին, որ միայն Օբաման չէր, որ Patriot համակարգեր չվաճառեց իրենց ու դրանում մեղքի բաժին ունի նաև Թրամփի կառավարությունը։

Այնուամենայնիվ, ըստ Չավուշօղլուի՝ Թրամփի հայտարարությունից հետո սկսեցին նվազել ԱՄՆ տարբեր կառույցներից հնչող «ձայներն» ու այն նույնիսկ ազդեցություն ունեցավ Կոնգրեսի ներկայացուցիչների վրա. «Կոնգրեսում մի քիչ այլ է, իհարկե։ Այնտեղ տարբեր լոբբիստներ, այդ լոբբիստների ազդեցությամբ գործող սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ կան», – ասաց Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳՆ–ն նշեց, որ ինքը, պաշտպանության նախարարը, Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ղեկավարը, Գանձապետարանի և ֆինանսների նախարարը պարբերաբար բանակցում են ամերիկացի գործընկերների հետ։ Ըստ նրա՝ թուրքական կողմն ուզում է, որ խնդիրը պատժամիջոցների ու սպառնալիքի փոխարեն ստանա դիվանագիտական լուծում և որ իրենք երկխոսության կողմնակիցն են։

Անդրադառնալով պատժամիջոցներին Չավուշօղլուն ասաց, որ իրենք նայել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ամերիկյան օրենքով նախատեսված կետերը, սակայն պատժամիջոցները կիրառվելու դեպքում հստակ չգիտեն, թե ինչին դա կվերաբերի։

Թուրքիայի ԱԳՆ–ն կրկին հայտարարեց, որ Ս–400-ների գործարքն ավարտված է և արդեն ընթանում է մատակարարման գործընթացը։ Հարցին, թե որտեղ են դրանք տեղակայվելու, նախարարը պատասխանեց, որ դա որոշելու են իրենց մասնագետները։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում G20 գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում ունեցան նաև Էրդողանն ու Թրամփը։ Հանդիպման արդյունքում Էրդողանը կրկին հայտարարեց, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական համակարգերից, իսկ Թրամփն ասաց, որ այս գործարքը խնդիր է և պետք է լուծում փնտրել։

Թեպետ Թրամփը հստակ չպատասխանեց՝ արդյո՞ք պատժամիջոցներ կլինեն, թե՝ ոչ, Էրդողանը հանդիպումից հետո հայտարարեց, որ Թրամփն անձամբ ասել է, թե «նման բան չի լինելու»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *