Հնդկաստանը ամերիկյան Boeing ընկերությունից ստացել է 2 միավոր CH-47F Chinook բեռնատար ուղղաթիռ։ Այժմ Հնդկաստանն իր ավիապարկում ունի 6 միավոր CH-47F Chinook ուղղաթիռ։
Այս մասին հայտնում է Boeing–ի հնդկաստանյան մասնաճյուղը։
Հնդկաստանը CH-47F–եր գնելու պայմանագիր կնքել էր 2015 թվականին։ Պատվիրած 15 միավորի համար Հնդկաստանը վճարելու էր 1,1 միլիրադ դոլար։ CH-47F Chinook–ները Հնդկաստանում պետք է փոխարինեն խորհրդային արտադրության Մի–26 ուղղաթիռներին։ Ամերիկյան ուղղաթիռների առաջին 4 միավորը Հնդկաստանը ստացել էր 2019–ի փետրվարին։
Հնդկաստանը ԱՄՆ–ից 2014–ին պատվիրել էր նաև 22 միավոր Apache ուղղաթիռներ, որոնց գնման պայմանագիրը 1,4 միլիարդ դոլար էր։
Շարունակելով Հնդկաստանի ուղղաթիռային պարկի թարմացումների թեման՝ նշենք, որ հուլիսի 3–ին հայտնի դարձավ Հնդկաստանի և «Ռոսօբորոնէքսպորտի» կնքած պայմանագրի մասին, որով 29 միլիոն դոլարի դիմաց ռուսական ընկերությունը մատակարարելու է Մի–25 և Մի–35 ուղղաթիռների համար նախատեսված հակատանկային «Ատակա» հրթիռներ։