Արդյո՞ք թուրքերը Ս–400–ները «Աքընջը» ավիաբազայում են տեղակայելու

Մարտի 20–ին թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում էր, որ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում տեղակայվելու են «Աքընջը» կամ «Մյուրթեդ» կոչվող ավիաբազայում։ Ավելին՝ աղբյուրը նշում է, որ այստեղ արդեն իսկ տարվում են աշխատանքներ։ 

Մենք փորձեցինք արբանյակային լուսանկարներից հասկանալ` արդյո՞ք «Աքընջը» ավիաբազայի տարածքում կան Ս-400–ների դիրքերի կառուցվածքին նմանվող կառույցներ, սակայն 2019թ. փետրվարի լուսանկարներում մենք նման բան չնկատեցինք: Չենք բացառում, որ աշխատանքները սկսված լինեն փետրվարի վերջին, կամ մարտին: 

Քանի որ այս ռազմաբազան նախատեսված է ավիացիայի համար, այստեղ ՀՕՊ համակարգ տեղակայելու համար պետք է տարվեր ենթակառուցվածքների փոփոխման մեծ աշխատանք: Ուշագրավ է, որ «Յենի Շաֆաք» թերթը նույն հայտարարությունն արել էր նաև 2017թ. սեպտեմբերին, երբ նույնիսկ համակարգերի գնման պայմանագիրը չէր կնքվել։

Նշենք, որ «Աքընջը» ավիաբազան տեղակայված է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ~30-35 կմ հյուսիս–արևմուտք։ Ավիաբազան պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, այստեղ տեղակայված էր 4-րդ հիմնական ինքնաթիռային բազայի հրամանատարությունը։

Թուրքիայի ՌՕՈւ «Աքընջը» ավիաբազան։ Լուսանկարը ըստ՝ Google Earth-ի
Թուրքիայի ՌՕՈւ «Աքընջը» ավիաբազան։ Լուսանկարը ըստ՝ Google Earth-ի

Սակայն Թուրքիայի կառավարությունը 2016թ. հուլիսի 15-16–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում ընդունեց ավիաբազան փակելու մասին, քանի, որ զինվորականների մեկնարկային կետը եղել էր հենց այս ավիաբազան։ Հեղաշրջման փորձի ժամանակ այստեղից էին դուրս եկել F-16 ինքնաթիռներն ու այլ ուղղաթիռներ, ինչպես նաև զինվորականները, որպես գերի, այստեղ էին տարել Թուրքիայի ԶՈւ այն ժամանակվա ԳՇ պետ Հուլուսի Աքարին։ 

2016թ. հուլիս. Թուրք զինվորականները Հուլուսի Աքարին գլխավոր շտաբի շենքից տանում են «Աքընջը» ավիաբազա

Հավելենք, որ 2018թ. սեպտեմբերի 6-ին CNBC հեռուստաալիքը, հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրին, հայտնում էր, որ թուրքերը հատուկ տարածքներ են նախապատրաստում ռուսական համակարգերը կայանելու համար։ Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ հետախուզական հատուկ ծառայությունների ներկայացրած հաշվետվության արբանյակային լուսանկարներում երևում էին գործարկման օբյեկտներ և բունկերներ։ Աղբյուրը կարծում էր, որ նկարում երևացող կառույցը նմանվում է հենց Ս-400 համակարգերի դիրքի կառուցվածքին։ Այս տեղեկությունից հետո մենք կրկին փորձել էինք արբանյակային լուսանկարներով ստուգել «Աքընջը» ավիաբազայի տարածքը, սակայն նշվածներից որևէ օբյեկտ կրկին չնկատվեց։ 

Հավելենք նաև, որ «Յենի Շաֆաք» թերթը նշում էր, որ թուրք 100 մասնագետից բաղկացած անձնակազմը Ս-400–ների վերապատրաստման համար Ռուսաստան մեկնելուց առաջ կգնա Ադրբեջան՝ Ս–300–ների ուսումնասիրման համար։

Հիշեցնենք, որ Ս–400–ների գնման պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 2017թ. դեկտեմբերին։ Թուրքիան գնել է Ս–400-ների 4 դիվիզիոն։ Նախատեսվում է, որ դրանք Թուրքիայում կլինեն այս աշնանը։ Այս գործարքը խնդիրներ է առաջացրել Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *