Ռուսաստանում Ս–400–ների համար թուրք մասնագետներ կվերապատրաստվեն

2019թ. աշնանը Ռուսաստանում կսկսեն թուրք մասնագետների վերապատրաստումներ՝ ռուսական արտադրության Ս–400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գործարկման համար։

Այս մասին ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության բաժնի ղեկավար Վիկտոր Կլադովը։

Կլադովը հավելել է, որ Ս–400–ների գնման պայմանագրում որևէ փոփոխություն չի եղել, բացի այն, ինչ փետրվարի 18–ին հայտարարեց ռուսական կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզովը. թուրքական կողմը խնդրել է արագացնել մատակարարումը, դրա համար էլ գործարքում ներառված բոլոր 4 դիվիզիոնները կմատակարարվեն այս տարի։

Կլադովը հայտարարել է, որ նախնական պայմանագրով մատակարարման համար այլ ժամկետներ էին նախատեսված։ 

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ
Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե ԱՄՆ–ն Ս–400–ներ գնելու համար F-35 կործանիչները չմատակարարի Թուրքիային, Կլադովը պատասխանել է. 

«Բիզնեսում «Եթե»–ներ չկան։ … Մենք ինչո՞ւ պետք է մեր գործընկերների՝ ինքնիշխան պետությունների հետ համագործակցությունը փոխկապակցենք երրորդ երկրի հետաքրքրություններին»։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը Ս–400–ների վաճառքի պայմանագիրը կնքել են 2017թ. դեկտեմբերին։ Գործարքի արժեքը ~2,5 մլրդ դոլար է, ներառում է 4 դիվիզիոն։ 

Փետրվարի 6–ին Ռուսաստանի ռազմա–տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը հայտարարեց, որ Թուրքիային Ս–400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը կսկսի 2019թ. աշնանը։ 

ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն դեմ են այս գործարքի իրականացմանը, պնդելով՝ դրանք չեն համապատասխան ՆԱՏՕ ստանդարտներին, իսկ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ անդամ, պետք է գնի դրանց համապատասխան համակարգեր։

2018թ. ամռանն ԱՄՆ–ն 90 օրով արգելափակեց Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը, մինչև Պենտագոնը ներկայացրեց զեկույց, ըստ որի՝ Թուրքիան պատժամիջոցների առաջ կկանգնի, եթե գնի ռուսական համակարգերը։ 

ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկում է Ս–400–ների այլընտրանքային տարբերակ՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը։ 2018թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրում է Թուրքիային ~3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով գնել իրենց համակարգերը։ Սակայն Թուրքիան մերժում է ԱՄՆ առաջարկությունը ու պնդում, որ գործարքն իրեն ձեռնտու չէ, իսկ Ս–400–ները միևնույնն է կգնի։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *