Հայոց բանակի վաղվա օրը. Ռազմինֆոն սկսում է քննարկումների շարք

2018թ-ի օգոստոսից հայտնի «1000 դրամների» հիմնադրամը սկսեց ֆինանսական փոխհատուցումներ վճարել 2015–16թթ. (այդ թվում և Ապրիլյան պատերազմի ժամանակ) զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմված զինծառայողներին։ Այս լուրը գրեթե աննկատ անցավ, մինչդեռ 2016թ. վերջում օրենքի նախագիծը առաջացրել էր ուղղորդված հակազդեցություն և մեծ աղմուկ, ու այն կյանքի կոչվեց միայն երկրի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական կամքի շնորհիվ։

Այդ հիմնադրամով ստեղծվում էր մի մեխանիզմ, որը կայուն սոցիալական երաշխիքներ էր տալիս հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու առողջությունը տվածներին և նրանց ընտանիքներին։ Խնդրին քաջատեղյակ մարդիկ ծանոթանալով օրինագծին՝ շատ լավ հասկանում էին, որ առաջարկվող ռեֆորմը խիստ անհրաժեշտ է և հրատապ, իսկ այ հանրության բացասական արձագանքն անհասկանալի էր նրանց համար։

Այո, այդ բացասական ռեակցիան արհեստական էր, ինչպես նշեցինք՝ ուղղորդվող, սակայն բաց էր մնում հարցը, թե ինչպես հնարավոր եղավ հանրությանն ուղղորդել, ըստ էության՝ մոլորեցնել։ Մեր կարծիքով, ի թիվս այլ հանգամանքների, հասարակության խաբվելուն նպաստեցին նաև Հայաստանի անվտանգության իրական խնդիրների և սպառնալիքների մասին աղճատված ու միֆականացված պատկերացումները։

Առհասարակ, մեզանում հայկական բանակի ապագայի և զարգացման վերաբերյալ հանրային և քաղաքական հարթակներում քննարկումները հիմնականում բավականին սահմանափակ են, խիստ հուզական, կաղապարված, երբեմն ոչ թե կառուցողական քննարկումներ են, այլ բարի ցանկությունների շարք։

Քիչ թե շատ բովանդակային հարցերից առավել հաճախ քննարկման առարկա են դառնում «պրոֆեսիոնալ» (այսինքն՝ միայն պայմանագրային հիմքերով համալրվող) բանակի անցնելու խնդիրը, բանակում մարտական և ոչ մարտական կորուստները, իսկ վերջին տարիներին նաև նորագույն սպառազինություն գնելու և սեփական ռազմական արդյունաբերություն զարգացնելու հարցերը։

Ընդ որում՝ դժվար չէ նկատել, որ թվարկված թեմաների քննարկումները նույնպես պարունակում են բարի ցանկությունների մի զգալի չափաբաժին։ Դա հետևանք է այն բանի, որ առավել հաճախ բոլոր այդ թեմաների քննարկումներում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ենթադրվում է այլ երկրների փորձի մեխանիկական պատճենում հայաստանյան իրականությունում։

Թույլ է քաղաքացիական դպրոցներում և բուհերում ռազմական և ռազմաքաղաքական թեմաներով գիտելիքի մատուցումը, այդ հարցերին սթափ մոտեցումների ձևավորումը։

Փոխկապակցված այս երևույթներն էլ միասին հանգեցնում են այն իրավիճակին, երբ մեր հասարակությունը կտրվում է իրականությունից. աղավաղվում են այդ իրականության մասին պատկերացումները, չհասկացված են մնում Հայաստանում բանակաշինության գործող ծրագրերը։ Ի թիվս «1000 դրամների հիմնադրամի» դրա մեկ այլ ցայտուն օրինակ էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շրջանակներում իրականացված և պլանավորված ռեֆորմների նպատակները, ակնկալվող արդյունքները, հիմնավորվածությունն այդպես էլ անհասկանալի մնացին հանրության լայն շերտերի համար։

Ընդգծենք մի կարևոր հանգամանք ևս. իրականությունից կտրված հանրությունն ի դեմս հասարակական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների, ի վիճակի չէ ոչ միայն ընդունել «վերևից» իջեցվող ռեֆորմները, այլ՝ «ներքևից» ձևավորել բանակի ապագայի իրատեսական տեսլական, նպատակներ, դրանք դարձնել քաղաքական օրակարգի մաս և պատվիրակել իշխանություններին։

Ընդ որում՝ «ներքևից ձևավորվող» ասելով ոչ մի դեպքում նկատի չունենք, թե որոշումների ընդունումը, զարգացման կոնկրետ ծրագրերի կազմումը և իրագործումը պրոֆեսիոնալների փոխարեն պետք է իրագործեն շարքային քաղաքացիները։ Ոչ, խոսքը պաշտպանության բնագավառում հասուն, երկրի մարտահրավերներին ադեկվատ քաղաքական օրակարգի ձևավորման մասին է։

Այս ամենը հաշվի առնելով՝ Razm.info մասնագիտացված կայքն առաջիկայում պարբերաբար կհրապարակի բանակի զարգացման տարբեր հարցերի հետ կապված մեր թիմի պատկերացումները, ինչպես նաև համաշխարհային փորձից մեր համար ուսանելի կամ կիրառելի օրինակներ։ Ինչպես միշտ, մենք բաց կլինենք կառուցողական քննադատության, առարկությունների, առաջարկությունների համար։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, հարթակ, որտեղ հնարավոր կլինի արդյունավետ քննարկել երկրի անվտանգության և բանակաշինության ամենատարբեր հարցեր, ինչը, հուսով ենք, կբերի քննարկումների որակի բարձրացմանը և վերջապես կնպաստի անկախ փորձագիտական հանրույթի ձևավորմանը և զարգացմանը։ Վերջինն ի վիճակի կլինի նպաստել քաղաքական օրակարգի ձևավորմանը, ռեֆորմների իրագործմանը, կրթական պրոցեսի բարելավմանը, խնդիրների լուծմանը ևն։ Նաև, ինչո՞ւ ոչ, թող անհամեստ չհնչի, մենք հույս ունենք նաև, որ արդյունքում կունենանք իրականությանը մի քիչ ավելի սթափ նայող հանրություն։

Նշենք, որ նման վիրտուալ փորձ մենք արդեն իսկ ունենք. «Ռազմինֆոյի» էջին և «Ռազմաշխարհ» խմբին հետևողները կարող են փաստել, որ դրանցում բավականին շատ են լինում բովանդակային քննարկումները։ Այսպիսով, մեր նպատակն է վիրտուալին զուգահեռաբար ձևավորել քննարկումների նման հարթակ նաև իրական կյանքում։

Հայոց բանակի վաղվա օրը. Ռազմինֆոն սկսում է քննարկումների շարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *