Թուրքիան Ս–400–ներ կստանա այս աշնանը. Դմիտրի Շուգաև

Ռուսաստանի ռազմա–տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը հունվարի 6–ին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում ասել է, որ Թուրքիային Ս–400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը կսկսի 2019թ. աշնանը։ 

Բացի այդ, քանի որ Թուրքիան ձգտում է ստեղծել տեղական արտադրություն, այժմ նա հետաքրքրված է նաև ավիացիոն տեխնիկայի համատեղ մշակմամբ։

Ըստ Շուգաևի՝ ռուսական կողմը պատրաստ է Թուրքիային առաջարկել իր լուծումները և համագործակցել՝ ավիացիոն տեխնիկայի և շարժիչների ոլորտներում։ 

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ
Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Հիշեցնենք, որ Ս–400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն մի քանի անգամ դեմ արտահայտվեցին այս գործարքին՝ «Ս–400–ները չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին, և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ անդամ, պետք է գնի այդ ստանդարտներին համապատասխան համակարգեր»։

Թուրք–ռուսական այս գործարքի համար ԱՄՆ–ն անգամ արգելափակեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։ 

2018թ. նոյեմբերի 15-ին Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ Ս-400–ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35–երի գնման ծրագրում, ՆԱՏՕ–ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել: Զեկույցում, հստակեցվել էր այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400–ների այլընտրանքային տարբերակ։ 

Այդ այլընտրանքային տարբերակը ամերիկյան Patriot համակարգն է, որոնք Թուրքիային առաջարակվել են արդեն մի քանի անգամ, իսկ թուրքական կողմը պնդում է, որ դրանց գործարքը ավելի թանկ է։ 

Հավելենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեռ 2018թ. հոկտեմբերին հայտարարեց, որ երկու միավոր Ս–400 համակարգ Թուրքիա կմատակարարվի 2019թ. հոկտեմբերին։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *