Քաբուլում Նովրուզի առավոտյան պայթյուններ են եղել․ կան զոհեր (տեսանյութ)

Մարտի 21–ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուններ են եղել, որոնց հետևանքով 6 մարդ զոհվել է, 23–ը՝ վիրավորվել։ 

Այս մասին հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը։

Ընդհանուր առմամբ 3 պայթյուն է հնչել Քաբուլում՝ 2–ը շիա մահմեդականների Սախի սրբավայր տանող ճանապարհին, մեկը՝ Քաբուլի համալսարանի մոտակայքում։ 

Այս պահին դեռ ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։

Քաբուլի ոստիկանությանը հայտնում է, որ շրջանում հայտնաբերված ևս մեկ պայթուցիկ սարք հաջողվել է վնասազերծել։

Հիշեցնենք, որ շիա մահմեդական աշխարհը այսօր նշում է Նովրուզը (Նոր Տարի)։ Անցած տարի այս օրը նույնպես Աֆղանստանում եղել էր ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել էր 31, վիրավորվել՝ 65 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։

Այս պահին Աֆղանստանում կան մի քանի արմատական կառույցներ, որոնցից առավել ակտիվ են Թալիբանը, «Ալ Կաիդան» և «Իսլամական պետությունը», որը վերջին տարում Սիրիայում և Իրաքում խոշոր պարտություններ կրելուց հետո կենտրոնանում է հենց այստեղ։

2019 թվականի ընթացքում սա երկրորդ ահաբեկչական գործողությունն է Աֆղանստանում։ Առաջինը եղել էր հունվար ամսին և զոհվել էին շուրջ 90 մարդ։

 Բաց աղբյուրներից հավաքած տեղեկություններով՝ 2018 թվականից մինչ օրս Աֆղանստանում ահաբեկչական գործողություններից զոհվել է ավելի քան 900 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *