Թուրքիան տարածք է նախապատրաստում ռուսական Ս-400–ների համար. CNBC

Թուրքիան, չնայած ԱՄՆ զգուշացումներին, հատուկ տարածքներ է նախապատրաստում ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը կայանելու համար։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը, հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրին։

Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ հետախուզական հատուկ ծառայությունների 1 ամիս առաջ ներկայացրած հաշվետվության մեջ կան արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում են գործարկման օբյեկտներ և բունկերներ։ Աղբյուրը կարծում է, որ նկարում երևացող կառույցը նմանվում է հենց Ս-400 համակարգերի դիրքի կառուցվածքին։

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

Նշենք, որ ավելի վաղ թուրքական աղբյուրը հայտնում էր, որ Ս-400–ները կտեղակայվեն ՌՕՈւ՝ Անկարայի մոտակայքում գտնվող «Աքընջը» ավիաբազայում: Սակայն այժմ, այդ տարածքը ուսումնասիրելիս մենք չգտանք Ս-400–ների դիրքին նմանվող դիրք։ Ամենայն հավանականությամբ վերոնշյալ զեկույցում նշված տարածքը այլ վայրում է լինելու։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400 «Տրիումֆ» համակարգերը գնելու համար։ Նախատեսվում էր, որ դրանք Թուրքիա կմատակարարվեն 2019թ․–ից։

Սակայն, մինչ մատակարարումը, ԱՄՆ–ը և ՆԱՏՕ–ն սկսեցին մտահոգություններ հայտնել Թուրքիային ռուսական համակարգերը չգնելու համար, նշելով, որ դա կարող է ազդել Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

Թուրքական կողմը բազմիցս նշում էր, որ Ս-400–ներն անհրաժեշտություն են, քանի որ ՆԱՏՕ–ն չի կարող ամբողջությամբ պահել Թուրքիայի օդային տարածքները։

Երկկողմ մտահոգություններից և նախազգուշացումներից հետո ԱՄՆ–ը  այս տարվա հուլիսին պատժամիջոցներ սահմանեց Թուրքիա նկատմամբ՝ ժամանակավորապես արգելափակելով Թուրքիայի ԱՄՆ–ից գնած 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը, որը պետք է լիներ 2019թ․։

ԱՄՆ–ը Թուրքիայից պահանջեց նաև ազատել Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապ ունենալու համար ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, սակայն Թուրքիան հրաժարվում է, նշելով՝ ԱՄՆ–ը չի կարող միջամտել իրենց դատական համակարգին և խոսել սպառնալիքների լեզվով։ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ և հայտարարեց, որ նրանք են Բրանսոնի գործի «պատասխանատուները»։

Թուրքիան ևս պատասխան պատժամիջոցներ կիրառեց ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ։

Այնուամենայնիվ, թուրքական կողմը, կարծես չի պատրաստվում որևէ զիջման գնալ։ Էնդրյու Բրանսոնը շարունակում է ձերբակալված մնալ Թուրքիայում, իսկ ռուսական Ս-400–ներից Թուրքիան կարծես չի հրաժարվելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *