Թուրքիան մտադիր է Ս–400-ները երկրի հարավում տեղակայել. Bloomberg

Թուրքիայում շարունակվում են քննարկումները, թե որտեղ պետք է տեղակայվեն ռուսական Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։ Ամերիկյան Bloomberg գործակալության աղբյուրների համաձայն՝ քննարկվում է նաև դրանք երկրի հարավում՝ Միջերկրական ծովի սահմանին մոտ տեղակայելու տարբերակը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան համակարգերն այդտեղ կտեղակայի Կիպրոսի տնտեսական գոտում սկսած ապօրինի հորատումների շուրջ Նիկոսիայի հետ հարաբերություններում ստեղծված հակասությունների պատճառով։ Նշվում է, որ բացի հարավից նաև այլ տարբերակներ են քննարկվում։

Ուշագրավ է, որ այս տարի ապրիլի Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ռուսական համակարգերը պաշտպանելու են մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի օդային սահմանները։

Մինչ այդ էլ՝ մարտի 20-ին, թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը գրել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերը տեղակայվելու են Անկարայի հյուսիսարևմտյան «Աքընջը» ավիաբազայում։ Ավելին՝ աղբյուրը նշում էր, որ այդ տարածքում արդեն աշխատանքներ են տարվում։ Այն ժամանակ, դիտարկելով արբանյակային 2019թ. փետրվարի լուսանկարները, մենք նման բան չնկատեցինք: 

Հավելենք, որ Ս–400 համակարգերի մատակարարումը Թուրքիա նախատեսվում է այս տարվա հունիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *