Ռուսաստանը Չինաստանին Ս–400 ԶՀՀ–ի հրթիռներ է մատակարարել

Ապրիլի սկզբին Ռուսաստանը Չինաստանին է ուղարկել Ս–400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համալիրների համար նախատեսված մի քանի տասնյակ հրթիռներ։ Ռուսաստանը հրթիռները Չինաստանին տրամադրել է ավելի վաղ վնասված հրթիռների փոխարեն։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ս–400 ԶՀՀ–ի հրթիռները Ռուսաստանից Չինաստան տանող բեռնափոխադրող նավը ընկել էր փոթորիկի մեջ և հրթիռները վնասվել էին։ Ռուսական կողմը հրթիռները ստիպված ոչնչացրել էր, իսկ ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը դատի էր տվել բեռնափոխադրող «Բալթիկ Տրնաս–Պորտ» ընկերությանը՝ պահանջելով 164,6 միլիոն դոլար վնասի փոխհատուցում։ 

Նշենք, որ Չինաստանի պատվիրված Ս–400 ԶՀՀ–ի երկրորդ գնդային լրակազմը արդեն պատրաստ է, և կմատակարարվի հուլիսից։ Չինաստանը Ս–400 ԶՀՀ–ների առաջին արտասահմանյան գնորդն է. պայմանագիր կնքվել էր 2014 թվականին, 2 գնդային լրակազմի համար։ Առաջին լրակազմը Չինաստանը ստացել էր 2018 թվականի մայիսին։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ
Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Ներկայումս Ռուսաստանում պատրաստվում են շուրջ հարյուր չինացի մասնագետներ, որոնք պիտի համալրեն զենիթահրթիռային համալիրի երկրորդ գունդը։ Մասնագետների պատրաստումը սկսել էր 2019 թվականի մարտից ու նշվում էր, որ գունդը կկազմավորվի 2019 թվականի երկրորդ կեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *