2019 թվականի մարտ–հունիս ամիսներին, Չինաստանի բանակի ավելի քան 100 զինծառայող կպատրաստվեն ռուսաստանյան ուսումնական կենտրոններում Ս–400 համակարգերի շահագործման համար։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մասնագետները պատրաստվելուց հետո պիտի համալրեն Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գունդը, որը կկազմավորվի 2019 թվականի երկրորդ կեսին։
Չինաստանը Ս–400 համակարգերի առաջին արտասահմանյան գնորդն է։ Առաջին խմբաքանակը Չինաստանին հասել է անցած տարվա գարնանը, իսկ մյուս խմբաքանակը, ինչպես նշվում է, կհասնի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը 2018 թվականին հայտարարել էր, որ Չինաստանը պատվիրած Ս–400–ները կստանա մինչև 2020 թվական։
Նշենք նաև, որ վերջերս Չինաստանի համար Ռուսաստանից Ս–400 ԶՀՀ–ի հրթիռներ տեղափոխող բեռնատար նավը վթարվել և չէր կարողացել հասնել Չինաստան, իսկ հրթիռները վնասվել էին։