ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում զինծառայողները կավելանան

Ապրիլի 23–25–ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ԶՈւ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները կհամալրվեն մարդկային նոր ռեսուրսով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստի» լրատվական գործակալությունը։

ԳՇ պետը նշել է, որ համալրումները լինելու են մյուս երկու ռազմական շրջաններում զինծառայողների թվաքանակի կրճատման հաշվին։ Պաշտոնյայի խոսքերով՝ ռազմական շրջանների համալրումը կապված է ռուսական սահմանին ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի ակտիվ գործունեության հետ։

Հիշեցնենք, որ տարեսկզբին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ հենց այս երկու ռազմական շրջանների ուժեղացման մասին հայտարարել էր նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով մասնավորապես նշել էր Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները նոր կամ արդիականացրած զինտեխնիկայով համալրելու և ռազմական շրջաններում նոր զորամասեր ավելացնելու մասին։

Հարավային ռազմական շրջանը, որի կազմի մեջ է նաև ՀՀ–ում տեղակայված ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան, արդեն համալրվել է մոտ 200 միավոր նոր կամ արդիականացրած զինտեխնիկայով։ Ընդհանուր առմամաբ նախատեսված է ռազմական շրջանին փոխանցել շուրջ 1200 միավոր նոր կամ արդիականացրած զինտեխնիկա։

2019 թվականի մարտին Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարեց, որ գործնականում ավարտված են Ռոստովի շրջանում վերանորոգման ստորաբաժանման և մոտոհրաձգային գնդի , Դաղստանում ծովային առանձին հետևակի և հրթիռային «Բալ» համակարգերով հագեցած առափնյան դիվիզիոնի ու Աստրախանի շրջանում հրթիռային բրիգադի կազմավորումները։

Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

Հավելենք նաև, որ հնարավոր է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102–րդ ռազմաբազան հնարավոր է համալրվի 18 միավոր ՍՈւ–30ՍՄ կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *