Ապրիլի 25-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան են ժամանել պատվիրակություններ Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդիմության ներկայացուցիչներն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը։ Որպես դիտորդ ներկա է լինելու պատվիրակություն նաև Հորդանանից։
Նուրսուլթանում այսօր և վաղը ընթանալու է Սիրիայի իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների 12–րդ փուլը։ Կողմերը քննարկելու են Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի ստեղծման հարցը, այս ձևաչափով բանակցություններին նոր երկրների ներգրավումը, ինչպես նաև իրավիճակը սիրիական Իդլիբ նահանգում։
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ այսօր մի քանի երկկողմ և եռակողմ փակ հանդիպում է լինելու Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակության ներկայացուցիչների միջև, իսկ վաղը կամփոփվի նաև բանակցությունների այս փուլը։
Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Իրանինը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Ասքար Խաջին, Թուրքիայինը՝ ԱԳՆ տեղակալ Սեդաթ Օնալը։ Առաջին հանդիպումը եղել է հենց Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների միջև, նախքան՝ Թուրքիայի պատվիրակության հետ եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Աստանայի ձևաչափով Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր երկրներ համարվող Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը, հանդիպել էին այս տարի՝ փետրվարի 19–ին, որտեղ էլ որոշվել էր Աստանայի հաջորդ գագաթաժողովն անցկացնել ապրիլին։