Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում կազմավորվում է հրթիռային նոր բրիգադ, որը տեղակաված է Աստրախանի շրջանում՝ 8–րդ համազորային բանակի կազմում։
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։
Թերթին տված հարցազրույցի մեջ, ռազմական շրջանի հրամանատարը անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ ինչպես Ռոստովի շրջանում, այնպես էլ ամբողջ ՀՌՇ–ում ընթանում են զինված ուժերը նոր զորամասերով հագեցնելու աշխատանքներ։
«Գործնականում ավարտված են Ռոստովի շրջանում վերանորոգման ստորաբաժանման և մոտոհրաձգային գնդի , Դաղստանում ծովային առանձին հետևակի և հրթիռային «Բալ» համակարգերով հագեցած առափնյան դիվիզիոն ու Աստրախանի շրջանում հրթիռային բրիգադի կազմավորումները»:
Բրիգադ կազմավորվել է ՌԴ ՊՆ փետրվարի 27–ի կոլեգիայի նիստի որոշումով:
Ըստ ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգի՝ խոսքը գնում է Աստրախանում տեղակայված 464–րդ հրթիռային բրիգադի վերակազմավորման մասին, որը կազմալուծվել էր 2009 թվականին։ Նշվում է, որ բրիգադը, ամենայն հավանականությամբ, կհամալրվի 2017 թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ստացված «Իսկանդեր–Մ»–ի 2 լրացուցիչ բրիգադային լրակազմերից մեկով։