ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կուժեղացվի․ Շոյգու

2019 թվականին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում պլանավորվում է կազմավորել հրթիռային նոր բրիգադ, «ԲԱԼ» հրթիռային համակարգերի դիվիզիոն, ևս 2 գունդ և մոբիլիզացիոն բացազատման ապահովման կենտրոն։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։

Նախարարի խոսքերով՝ Հարավային ռազմական շրջանը կստանա ավելի քան 1200 միավոր նոր կամ արդիականացված ռազմական միջոց, ինչը թույլ կտա ռազմական շրջանում ժամանակակից տեխնիկայի մասնաբաժինը 60%–ից հասցնել 66%–ի, իսկ զորամիավորման մարտական հնարավորությունը կբարձրանա 1.3 անգամ։

Հարկ է նշել, որ վերջերս Հարավային ռազմական շրջանի բարձր հրամանատարության և ենթակա ստորաբաժանումների ղեկավարության շրջանում եղան նաև կազմի փոփոխություններ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։ Այս ռազմական շրջանը նշանակալի ներգարվվում ունի նաև Սիրիայում: Ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից:

Նոր զորամասերի բացման և ՀՌՇ-ի ուժեղացման քայլերի հայտարարվող նպատակը, ըստ նախարարի, արտաքին հնարավոր սպառնալիքներին համարժեք պատասխանելու հնարավորություն ունենալն է։

Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քայլերը պայմանավորում է «Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի անդամների օրեցօր աճող զորավարժություններով։ Շոյգուն նաև առանձին նշել է, որ 2 անգամ ավելացել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի ու Վրաստանի զորավարժությունների ծավալն ու հաճախականությունը։

Բացի Հարավային ռազմական շրջանից, նոր զորամասեր ու համալրումներ կունենա Արևմտյան ռազմական շրջանը։ Արևմտյան ռազմական շրջանը պլանավորվում է համալրել 1300 միավոր նոր կամ արդիականացված ռազմական միջոցներով, Բալթյան նավատորմը՝ (մտնում է Արևմտյան ռազմական շրջանի կազմի մեջ) համալրել նոր տանկային գնդով և առափնյա հրթիռային դիվիզիոնով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *