ՀՀ նախագահը ստորագրել է 100 մլն դոլարի սպառազինության վարկի ձեռքբերման մասին օրենքը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ռուսաստանից զենքի գնումների համար 100 մլն դոլարի վարկի ձեռքբերման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

ՀՀ Ազգային ժողովը օրինագիծն ընդունել է դեկտեմբերի 6-ին։

Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, գնումները կատարվելու են ռուսական ռուբլով՝ անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ. ընթացքում: Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 15 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով. ավելի մանրամասն՝ այստեղ:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ 100 մլն դոլարի վարկի շրջանակներում այս պահին նախաստորագրվել է երեք պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է քան 100 մլն դոլարը: Վարկից կտրամադրվի դրանց արժեքի 90 տոկոսը, ինչպես և նախատեսված էր:

ՀՀ նախագահը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը։

Համաձայնագրով նախատեսվող կետերից է անպետք զինտեխնիկայի ոչնչացումը: Հայաստանը պարտավորվում է վերացնել 140 միավոր ռազմական տեխնիկա և 21 միավոր ՀՄՄ: Զինտեխնիկայի ոչնչացման համար Գերմանիան Հայաստանին կվճարի 1,3 մլն եվրո: Օրինագիծը Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 6-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *