Նախաստորագրվել են վարկի 100 մլն դոլարը գերազանցող զենքի ձեռքբերման պայմանագրեր. փոխնախարար

100 մլն դոլարի վարկի շրջանակներում այս պահին նախաստորագրվել են երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է քան 100 մլն դոլարը: 100 մլն դոլարը կազմում է այս երեք պայմագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը:  Այս մասին ԱԺ-ում վարկի վավերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Մենք ընտրում ենք, գնում ենք այն զինատեսակը, որը մեզ է անհրաժեշտ, և չկա ռուսական կողմից այն մոտեցումը, որ ես և՛ վարկն եմ տալիս և՛ առաջարկում եմ գնել հենց այս զինատեսակը»:

Վարկի տրամադրումը ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կարևոր բաղադրիչ է, որովհետև այն շարունակում է մնալ արտոնյալ վարկ, արտոնյալ պայմաններ, և մեզ համար էլ սա հասկանալի է, որ դա ռազմատեխնիկական աջակցության ձևերից է:

Իսկ ընտրությունը, թե ինչ տեսակներով պետք է համալրվի մեր սպառազինությունը, դա հայկական կողմն է իրականացնում, մենք արդեն իրականացրել ենք՝ հաշվի առնելով մեր նաև սպառազինության և տեխնիկայի զարգացման մեր որդեգրած քաղաքականությունը»– մասնավորապես նշել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Նախարարի խոսքով՝ պայմանագրերի կնքման բանակցությունները կայացել են շատ ավելի վաղ քան համաձայնագիրը կստորագրվեր:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը վարկի միջոցներից կարող է վճարել յուրաքանչյուր առաձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով՝ անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ. ընթացքում: Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 15 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։

Վարկի տոկոսավճարները հաշվարկվում են տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, մարվում է 15 տարվա ընթացքում. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Վարկի մարումը սկսվելու է 2023 թ. մայիսի 15-ին: Առաջին 3 տարվա ընթացքում հայկական կողմը վճարելու է 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար, 2026-ի առաջին վճարումը կազմելու է 3 մլն 600 հազար, այնուհետև՝  տարի երկու անգամ 3 մլն 800 հազարական դոլար:

Նշենք, որ դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել:

Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է:

Այդ համաձայանագրով՝  Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *