Սպառազինության գնման համար 100 մլն դոլարի վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ.

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկվել է 2 օրինագիծ, որոնցից մեկով վավերացվում է Հայաստանի՝ Ռուսաստանից 100 մլն դոլարի արտահանման վարկի համաձայնագիրը, մյուսով՝ վավերացումը համարվում է «անհետաձգելի»:

Վավերացնելու մասին օրենսդրական նախա­ձեռ­նությունը դեռևս պետք է ներկայացվի  Ազգային ժողով:

Վարկի ձեռքբերման համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը վարկի միջոցներից կարող է վճարել յուրաքանչյուր առաձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով՝ անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ. ընթացքում: Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 15 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։

Վարկի տոկոսավճարները հաշվարկվում են տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, մարվում է 15 տարվա ընթացքում. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Վարկի մարումը սկսվելու է 2023 թ. մայիսի 15-ին: Առաջին 3 տարվա ընթացքում հայկական կողմը վճարելու է 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար, 2026-ի առաջին վճարումը կազմելու է 3 մլն 600 հազար, այնուհետև՝  տարի երկու անգամ 3 մլն 800 հազարական դոլար:

Հայկական կողմն իրավասու է վաղաժամ մարելու փաստացի օգտագործած վարկի ցանկացած գումար՝ ինքնարժեքով և առանց լրացուցիչ տուրքերի:

Երկու կողմերի լիազորված կազմակերպությունները միմյանց հետ կնքում են պայմանագրեր, որոնցով որոշվում են համաձայնագրի շրջանակներում արտադրանքի մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Համաձայնագրի իրականացման համար հայկական կողմից պատասխանատու լիազորված մարմինները ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ ՊՆ-ն են, իսկ ռուսական կողմից՝ Ռուսաստանի ՖՆ-ն և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:

Նշենք, որ դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել.

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր  կկնքեն վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է:

Այդ համաձայանագրով՝  Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *